Պակիստանի Կաաչիում հերթական արյունոտ ահաբեկչությունն է կատարվել՝ ուղղված շիաների դեմ. մարտի 3-ի երեկոյան երկու ականապատ մեքենա են պայթել քաղաքի բանուկ շիական թաղամասերից մեկում: Պայթյունները տեղի են ունեցել առեւտրի կենտրոնների եւ խանութների մերձակայքում:
Զոհվել է 52 մարդ, վիրավորվել` 170-ը: Զոհերի եւ վիրավորների թվում շատ են կանայք եւ երեխաները, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Երկու մեքենաների ինքնաշեն ռումբերի հզորությունը տրոտիլային համարժեքով կազմել է 250կգ:
Կարաչիի ահաբեկչությունների կապակցությամբ մարտի 4-ը հայտարարվել է սգո օր: Նաեւ ի նշան բողոքի` Պակիստանի գործարար եւ ֆինանսական կենտրոն այդ քաղաքում կդադարեցվի հասարակական տրանսպորտի եւ խանութների աշխատանքը, քանի որ վերջիններիս արհմիությունները գործադուլ են հայտարարել:
Անվտանգության նկատառումներից ելնելով` այսօր Կարաչիում կփակվեն նաեւ բոլոր դպրոցները ու ուսումնական այլ հաստատությունները:











