Արեւմտյան Ավստրալիայի ոսկի արդյունահանողներին հեռացրել են հայտնի Harlem Shake պարի իրենց տարբերակը նկարահանելու համար: Տեսահոլովակին մասնակցելը Barminco ընկերության 15 աշխատակիցների գործազուրկ է դարձրել: Ընդ որում՝ կադրում նրացից միայն ութն են երեւում, առկա տվյալներով՝ հեռացվել են նաեւ նկարահանումների ականատեսները:

Աշխատանքից հեռացման պատճառ է դարձել այն, որ պարելու ժամանակ հանքագործները խախտել էին անվտանգության կանոնները: Սակայն աշխատանքից հեռացվածները հայտնել էին, որ իրենց արարքը կանոնների խախտում չեն համարում: Տեսահոլովակի նկարահանման ժամանակ նրանք կրել են սաղավարտներ եւ պաշտպանիչ ակնոց: Հավանաբար, խախտումը պարող աշխատողների վերնաշապիկների բացակայությունն է եղել, հայտնում է lenta.ru-ն` վկայակոչելով  Herald Sun-ին:

Հանքագործները ոչ միայն զրկվել են աշխատանքից, այլեւ ոսկու արդյունահանմամբ զբաղվելու լիցենզիայից:  Նրանց արգելվել է այսուհետ հանքերում աշխատելը: 

Harlem Shake-ը Baauer կեղծանվամբ հանդես եկող ամերիկացի երաժշտի ստեղծագործությունն է: Երգը թողարկվել է 2012թ., իսկ հետագայում հանրահայտ դարձած տեսահոլովակները համացանցում սկսել են հայտնվել 2013թ. փետրվարից: