Երեւանում սկսվել է նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների երթը դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Երթը սկսելուց առաջ Հովհաննիսյանը դիմել է Ազատության հրապարակում հավաքվածներին: «Մեր ուժը մեր միասնության մեջ է: Մենք ասում ենք «Ճանաչեք մեր իրավունքները» եւ փոխհատուցում ենք պահանջում»,- ասել է նա` հավելելով, թե լավ է հիշում հայրենիքը կորցրած իր պապի շարֆը:

Րաֆֆի Հովհաննիսյանը հիշեցրել է, թե հայ ժողովուրդը դարձավ 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհը, քանի որ միասնական չէր: «Եթե այսուհետ էլ տառապենք ստրուկի հոգեբանությամբ, ավելին կկորցնենք»,- ասել է Հովհաննիսյանը:

Ընդդիմադիր գործիչը նշել է, թե հայ ժողովուրդը Ցեղասպանության 100-րդ տարելիցին է գնում փոխհատուցման եւ ունեցվածքը եկեղեցիներին վերադարձնելու պահանջով, սակայն միաժամանակ պետք է կարգավորել հարաբերությունները հարեւան երկրի հետ: «Եթե մենք շարունակենք գողանալ եւ սպանել մեր երկրի ներսում, ի՞նչ ենք սպասելու օտարներից»,- ասել է նա:

Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am