Ռուսաստանում առաջին անգամ հինգերորդ սերնդի կործանիչի փորձնական թռիչքը կատարել է ռազմական օդաչուն։ Նա Т-50 նախագծի ինքնաթիռը մերձմոսկովյան Ժուկովսկի Գրոմովի անվան թռիչքային հետազոտական ինստիտուտի օդանավակայանից բարձրացրել է երկինք։ Երկու ժամվա ընթացքում օդաչուն մշակել է թռիչքային փորձարկումների ծրագրի համակարգերի ու սարքավորումների աշխատանքը։

Թռիչքը հաջող է անցել՝ թռիչքային առաջադրանքին լրիվ համապատասխան, նշել են «Սուխոյ» ընկերության մամուլի ծառայությունում։ Թռիչքային փորձարկումներին մասնակցել է ճակատային ավիացիայի չորս հեռանկարային ավիացիոն կոմպլեքս։ Т-50-ի առաջին թռիչքը եղել է 2010 թվականի հունվարի 29-ին։ Հինգերորդ սերնդի կործանիչի փորձարկումներն ընթանում են ռուսական բանակի վերազինման եւ նորագույն ավիացիոն տեխնիկայի մատակարարման ծրագրի շրջանակում։

Այսօր «Ուղիղ եթերի» ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հինգերորդ սերնդի Т-50 ռուսական կործանիչը շահագործման կհանձնվի 2016 թվականին եւ առաջ կանցնի իր ամերիկյան մրցակից F35-ից, հաղորդում է ՆՏՎ-ն։

Ինչպես գրում է Vesti.ru-ն, նախորդ սերնդի կործանիչների համեմատ այս մեկը մի շարք առանձնահատկություններ ունի՝ իր մեջ համատեղելով հարվածային ինքնաթիռի ու կործանիչի գործառնույթներ։ Նրանում ակտիվորեն կիրառվում են կոմպոզիցիոն նյութեր եւ իննովացիոն տեխնոլոգիաներ։ Օդանավի աէրոդինամիկ համադրումն ու շարժիչի նկատելիությունը նվազեցնող միջոցառումներն ապահովում են Т-50-ի ռադիոլոկացիոն, օպտիկական ու ինֆրակարմիր նկատելիության աննախադեպ ցածր մակարդակը։