Հաճախ կապիտալիստներն ավելի խոհեմ են լինում, քան՝ նրանց քաղաքական սպասավորները, որովհետեւ Գագիկ Ծառուկյանը հիանալի տիրապետում է Ֆրիդրիխ Էնգելսի ձեռնարկատիրական կապիտալիզմի մասին օրենքին եւ նա երբեք սուր չի բարձրացնի արքունիքի դեմ: Այս մասին, այսօր` ապրիլի 26-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն՝ անդրադառնալով Վարդան Օսկանյանի այն առաջարկին, որ ԲՀԿ- պետք է ընդդիմություն դառնա:

«Արքունիքն էլ պետք է նրա խոհեմությունը եւ համեստությունը ոչ միայն չշահագործի, այլ  գնահատության արժանացնի, որովհետեւ ինչքան էլ առյուծը լինի ընտելացված, նրա մեկ մռնչոցը կարող է ողբերգական հետեւանքներ ունենալ: Այս մասին թող լավ իմանան արքունիքում եւ Ծառուկյանին արժանավայել դիրք գրավեն: Համենայնդեպս, առանց Ծառուկյանի ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրություններում հաղթանակ չէր տանի: Այսօր էլ հորդորում եմ հանուն ազգային կոնսոլիդացիայի չգնալ երկպառակտման»,-հայտարարեց գլխավոր մարքսիստը:

Նա համոզված է, որ քաղաքապետի ընտրություններում եւս ՀՀԿ-ն առանց ԲՀԿ-ի չի կարող հաղթանակ տանել: «Երբեմն ՀՀԿ-ականները  իրենց վրա շատ մեծ պատիվներ են վերագրում, իրենց կարծում են «Ванька-Встанька»: Դա խաղալիք է, որ ինչքան գցում ես՝ բարձրանում է, բայց ողբերգությունը մի անգամ է լինում: Կրկնում եմ առյուծն ինչքան էլ ընտելացված լինի, մեկ մռնչոցը ողբերգական հետեւանքներ կարող է ունենալ: Այնպես, որ եթե հանկարծ իսկապես ԲՀԿ-ն գնա ռադիկալ քայլերի, դա ողբերգական կլինի իշխանությունների համար»,- ասաց Դավիթ Հակոբյանը:

Անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթին, որտեղ նա խոսել էր բուրժուադեմոկրատական հեղափոխության անհրաժեշտության մասին, Հակոբյանն ասել է. «1990-ին իրենք կատարեցին թավշյա բուրժուադեմոկրատական հեղափոխություն: Եթե 1917-ին  բոլշեւիկները մի քանի մանթաշովների կուլակաթափ էին անում, տալիս էին ժողովրդին, սրանք ժողովրդին կուլակաթափ արեցին եւ տվեցին մի քանի մանթաշովիկների: Ահա տարբերությունը: Ինչպես Մաքսն էր ասում. «Կապիտալ էտո շլյուխա վելիկայա` նադո լյուբիծ տոլկո սաբլազնի»: Այն սիրում է գայթակղություն, իսկ կոպտություն, կոշտություն չի սիրում՝ հակառակ դեպքում կփախչի այդ կապիտալը: Այս սկզբունքից ելնելով եմ ասում, որ հարկավոր է նոր տնտեսական քաղաքականություն: Այս առումով կարծում եմ Լեւոն Ակոպիչը այդ դերակատարության համար վաղուց կորցրել է իր  դերն ու նշանակությունը: Այնպես, որ հարթակի տղաների ժամանակը անցել է վաղուց»:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am