Ֆրանսահայ հանրահայտ 12 նկարիչների ավելի քան 60 աշխատանք ցուցադրվում են ապրիլի 26-ին Երեւանի «Արամե» պատկերասրահում բացված ցուցահանդեսում (ֆոտոռեպորտաժ)։ «Ֆրանսահայ կերպարվեստ» խորագիրը կրող ցուցահանդեսը ներկայացնում է Վարդան Մախոխյանի, Արսեն Շաբանյանի, Շարլ Ադամյանի, Էդգար Շահինի, Հովհաննես Ալխազյանի, Ռաֆայել Շիշմանյանի, Պետրոս Կոնտուրաջյանի, Գառզուի, Ժանսեմի և այլոց բացառիկ կտավները։

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին բազմաթիվ հյուրեր՝ արվեստագետներ, նկարիչներ, ինչպես նաեւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչներ։

«Քառասուն տարի առաջ գրել եմ ֆրանսահայ կերպարվեստի պատմությունը, բայց այդ գրքի լույս տեսնելուց հետո ֆրանսահայ նկարիչների որեւե ցուցահանդես չէր կազմակերպվել», - իր ողջույնի խոսքում ասաց արվեստաբան, ֆրանսահայ կերպարվեստի մասնագետ Շահեն Խաչատրյանը։

Ցուցահանդեսի բացմանը ներկա էր նաեւ ֆրանսահայ վարպետներից մեկի` Զարեհ Մութաֆյանի որդին՝ Կլոդ Մութաֆյանը, ով իր հետ Փարիզից բերել է Զարեհ Մութաֆյանի վրձնած երեք կտավ։ 

«Առաջին անգամն է, որ ֆրանսահայ նկարչությունն առանձին ցուցադրված է», - ասաց Կլոդ Մութաֆյանը, - «Շատ հետաքրքիր է այդպես բոլորը միասին տեսնել։ Բոլորին գիտեմ, բայց առանձին-առանձին։ Նույնիսկ Ֆրանսիայում երբեք չի եղել ֆրանսահայ նկարիչների ցուցահանդես»։

Ցուցահանդեսի կազմակերպիչ, «Արամե» պատկերասրահի հիմնադիր եւ տնօրեն Արամ Սարգսյանի խոսքով՝ ցուցահանդեսը մեկ տարվա ջանքերի արդյունք է։ «Մեկ տարվա ընթացքում մեզ հաջողվեց համապատասխան պայմանավորվածություններ ձեռք բերել ֆրանսահայ կերպարվեստի նշանավոր ներկայացուցիչների ժառանգների հետ, որոնք սիրով մեզ տրամադրեցին մի շարք աշխատանքներ։ Միեւնույն ժամանակ կարողացել ենք նաեւ տեղի մասնավոր հավաքորդներից ներգրավել մի քանի աշխատանք ժամանակավոր օգտագործման համար»,- հայտնեց Ա. Սարգսյանը։

«Ֆրանսահայ կերպարվեստը հայ մշակույթի, հայ կերպարվեստի ամենահզոր ճյուղերից մեկն է, եւ դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ մենք այսօր որոշեցինք արվեստասեր հասարակությանը ներկայացնել այս հավաքածուն», - ասաց Ա. Սարգսյանը, ավելացնելով, որ հավաքածուն իր մակարդակով շատ բարձր է, գրեթե թանգարանային։

Ցուցահանդեսը տեւելու է 10 օր՝ մինչեւ մայիսի 7-ը։

Նշենք, որ ֆրանսահայ կերպարվեստն ավելի քան 130 տարվա պատմություն ունի: 1926 թ. Փարիզում կազմակերպվում է հայ արվեստագետների «Անի» միությունը: Հիմնադիրներն են եղել ականավոր հայ նկարիչներ Է. Շահինը, Ս. Խաչատուրյանը, Վ. Մախոխյանը, Ռ. Շիշմանյանը, Հ. Փուշմանը: Միության նպատակն էր` միավորել Ֆրանսիայում ու այլ երկրներում բնակվող հայ արվեստագետներին, ցուցահանդեսների միջոցով օտար հասարակությանը ծանոթացնել հայ մշակույթին, վառ պահել ազգային ոգին: Ֆրանսիայում այսօր եւս շարունակում են ստեղծագործել հայ շնորհալի նկարիչներ, որոնց ստեղծագործությունները մի նոր էջ են բացում հայ կերպարվեստի պատմության մեջ:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am