GALLUP International association-ի հայաստանյան ներկայացուցչության հետազոտության արդյունքները ԱԻՆ նախարարի պաշտոնակատար, Երեւանի ավագանու ընտրություններում քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանը չի պատվիրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԻՆ նախարարի պաշտոնակատար, Երեւանի ավագանու ընտրություններում քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանը` արձագանքելով դիտարկմանը, թե հարցումների համաձայն ՕԵԿ-ը ամենաքիչ տոկոս ունեցող ուժերից մեկն է: Հարցման արդյունքներով, թույլ էր որակվել նաեւ ՕԵԿ-ի կարգախոսը:
Երիցյանի խոսքով, եթե մեկը մյուսին սիրում կամ չի սիրում եւ տոկոսներ է ասում, թող ներկայացնի ում ուզում է, բայց ոչ Արմեն Երիցյանին: «Ես իմ ազգաբնակչության հետ շփվում եմ եւ տեսնում, թե ով ինչ տոկոս ունի: Ես ուզում եմ ներկայացնել իմ ծրագրերը, կամ ի՞նչ է նշանակում կարգախոս: Դա սովորական մի բառ է, որ մեկը ասում է «Բարեւ», մյուսը` «Բարի լույս», մեկ ուրիշը` եսիմինչ: Ամեն մեկը մի բառ է ասում, բայց դա չի նշանակում, որ մեկինը լավն է մյուսինը վատը: Ես գտնում եմ, որ տոկոսային հարաբերությունների տակ մտնելուց սխալ բան չկա»,- արձագանքեց Արմեն Երիցյանը եւ ավելացրեց, որ այդ հարցումները իրեն հավատ չեն ներշնչում: Նույնիսկ առաջարկեց մի օր գնալ իր հետ հանդիպումների, այլ ոչ թե տեղներում նստած իրենց կաբինետներում ինչ-որ հարցումներ եւ եզրակացություններ անել: Դիտարկմանը, թե հնարավոր է, որ հարցումները պատվիրված են, որ իրեն հավատ չեն ներշնչում, Երիցյանը պատասխանեց. « Կարող է` նաեւ այդպես լինել: Բայց, որ ես չեմ պատվիրել, դա 100 տոկոս»:
Նշենք, որ GALLUP International association-ի հայաստանյան ներկայացուցչության հետազոտության արդյունքների համաձայն` եթե առաջիկա կիրակի օրը լինեն Երեւանի ավագանու ընտրությունները, ապա երեւանցիների 41,5 տոկոսը ձայնը կտա Հանրապետական կուսակցության, իսկ 14,5 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը «Բարեւ, Երեւան» դաշինքին իր ձայնը կտա ընտրողների 7,9 տոկոսը, «Օրինաց երկիր» կուսակցությանը՝ 3,7 տոկոսը, ՀՅԴ-ին՝ 3,1 տոկոսը, ՀԱԿ-ինը՝ 2,9 տոկոսը, «Առաքելությանը»՝ 0,3 տոկոսը։ Հարցին դժվարացել է պատասխանել 26, 1 տոկոսը։ Հինգ բալանոց սանդղակով ՀՀԿ-ի քարոզարշավը գնահատվել է 3, 9 տոկոս, ԲՀԿ-ինը՝ 3, 7 տոկոս, «Բարեւ Երեւան» դաշինքինը՝ 3,2 տոկոս, ՀՅԴ-ինը՝ 2,9 տոկոս, ՀԱԿ-ին եւ «Առաքելությանը»՝ 2,6 տոկոս, ՕԵԿ-ին՝ 2, 5 տոկոս։ Հարցմանը մասնակիցները գնահատել են նաեւ քաղաքական ուժերի կարգախոսները։ Ըստ այդմ՝ ՀՀԿ-ի «Ավելի լավ Երեւան» եւ ԲՀԿ-ի՝ «Փոխելու ենք» կարգախոսները համապատասխանում են նրանց գործունեությանը, իսկ ՕԵԿ-ի «Մենք կարող ենք ավելին» եւ ՀԱԿ-ի «Իշխանությունը՝ քաղաքացուն» կարգախոսները չեն համապատասխանում իրենց գործունեությանը։ Ինչ վերաբերում է քաղաքական ուժերի ծրագրերի գնահատմանը, ապա ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրը գնահատվել է 4 միավոր, ԲՀԿ-ինը՝ 3,7 միավոր, «Բարեւ, Երեւան» դաշինքինը»՝ 3,1 միավոր, ՀՅԴ-ինը՝ 2,8 միավոր, ՀԱԿ-ինը եւ «Առաքելությանը»՝ 2,6 միավոր, իսկ ՕԵԿ-ինը՝ 2,5 միավոր։











