ՀՅԴ կուսակցությունը Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ոչ մի խնդիր չի ունեցել: Այս մասին այսօր` ապրիլի 27-ին մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում ՀՅԴ-ի կողմից կազմակերպված երթից առաջ հայտարարել է կուսակցության Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը:

Արսեն Համբարձումյանը հայտարարել է, որ ՀՅԴ-ի համար քարոզարշավը լավ է անցնում, խոչընդոտներ եւ դժգոհելու պատճառներ չկան: Ի պատասխան այն հարցին, թե ինչ հնարավորություններ ունի ՀՅԴ-ն ընտրություններում, նա հայտարարել է. «Մեր նախընտրական շտաբների կողմից տված տեղեկությունների համաձայն` մենք բավականին լավ արդյունքներ ունենք, որոնք զգալիորեն տարբերվում են անցյալ տարվա խորհրդարանական ընտրությունների ժամանակ առաջացած իրավիճակից»: Նա նաեւ հայտարարել է, որ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ իրենց կուսակցությունը լավ արդյունքներ կգրանցի եւ այդ համոզվածությամբ նրանք շարունակում են քարոզարշավը:

Քաղաքի հրատապ խնդիրներին անդրադառնալով` նա նշել է ոչ միայն քաղաքի, այլ ամբողջ երկրի բարվոք եւ ճիշտ կառավարման անհրաժեշտության մասին: «Մենք դատարկ խոստումներ չենք տալիս, մենք հստակ առաջարկություններ ենք անում եւ գիտենք` ինչպես դրանք իրականացնել»,- ամփոփել է Արսեն Համբարձումյանը:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները կանցկացվեն մայիսի 5-ին: Քարոզարշավը սկսվել է ապրիլի 7-ից եւ կավարտվի մայիսի 3-ին: Մայիսի 4-ը լռության օր է: