NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել 74-ամյա Գոհար Մ.-ի` հիվանդանոցի 5-րդ հարկի պատուհանից ցած նետվելու դեպքի վերաբերյալ: Իզմիրլյան հիվանդանոցի տնօրենի տեղակալ Արթուր Ավագյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ 74-ամյա Գոհար Մ.-ն ընդունվել է իրենց մոտ ապրիլի 30-ին ժամը 18.35-ին: Նախնական ախտորոշումը միզաքարային հիվանդություն էր, ձախ միզածորանի ստորին երրորդականի քար, լեղաքարային հիվանդություն, լեղապարկի քարեր եւ այլն: Արթուր Ավագյանը տեղեկացրեց, որ նույն օրը` ժամը 20.50 րոպեին, կատարված հետազոտությունների հիման վրա տեղային անզգայացամամբ կատարվել է ձախ միզածորանի ստենտավորում, տեղափոխվել է պալատ, հիվանդի վիճակը գնահատվել է բավարար, որեւէ խնդիր չի եղել: Նման դեպքերում սովորաբար հիվանդը դուրս է գրվում հիվանդանոցից, ամբուլատոր պայմաններում բուժում ստանում, բայց այդ կնոջ դեպքում միզանյութի բարձրանալու պատճառով նա մնաց հիվանդանոցում:
Հաջորդ օրը առավոտյան բժիշկներն այցելել են կնոջը, նա ստացել է բոլոր տեսակի նշանակումները, նորից կաթիլային ներարկում է միացվել, նրա վիճակը նորմալ էր:
Արթուր Ավագյանի խոսքով` մայիսի 1-ի 12.40-ի սահմաններում հիվանդանոցի պահպանության աշխատակիցները հայտնեցին, որ շենքի հետեւում կին կա ընկած: «Ընկած էր հիվանդանոցի հետեւի հողածածկ տարածքի վրա, որտեղ շինարարական աշխատանքներ են կատարվում, կանաչապատման աշխատանքներ պետք է կատարվեն: Չէր մահացել, գիտակցություն կար, տեղում շինաներ դրվեցին, բազկոսկրի եւ ազդրի բաց կոտրվածքներ ուներ, անմիջապես տեղափոխել են ընդունարան, տեղում արել ինչ հնարավոր է եւ միանգամից տարել Վերակենդանացման բաժանմունք»,- ասաց տնօրենի տեղակալը:
Նա նշեց, որ բժիշկների կողմից ամեն ինչ արագ կազմակերպվել է, սակայն հնարավոր չի եղել փրկել հիվանդի կյանքը: Տնօրենի տեղակալը նաեւ նշեց, որ կնոջը խնամում էր նրա քրոջ դուստրը: Դեպքի ժամանակ նա բարեկամուհուն ուղարկել էր սննդամթեքր գնելու:
Արթուր Ավագյանն ասաց, որ հիվանդի մոտ որեւէ տարօրինակ բան չեն նկատել եւ չեն կարող ասել, թե ինչը կարող էր լինել այդ քայլին դիմելու պատճառը; Նա վստահեցրեց, որ հիվանդը բժիշկների, բուժքույրերի հետ որեւէ կոնֆլիկտ չի ունեցել:
Ոստիկանությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ կատարվում է նախաքննություն, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն:
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին դժբախտ դեպք է տեղի ունեցել Երեւանյան հիվանդանոցներից մեկում: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Իզմիրլյան հիվանդանոցի 5-րդ հարկի պատուհանից ցած է նետվել մի թոշակառու կին եւ տեղում մահացել:











