«Լավ կլինի»,- այս մասին այսօր` մայիսի 5-ին, Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանի 5/06 ընտրատեղամասում քվեարկությունից հետո ասաց Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ չգաղտնազերծելով, թե ում օգտին է քվերակել եւ հանուն ինչի: Ի դեպ, նա առաջին ընտրողն էր:
«Որպես կանոն ես ժամը 8.00-ին արդեն աշխատանքի պետք է լինեի: Այսօր ուշացել եմ»,- ասաց Վլադիմիր Գասպարյանն՝ արձագանքելով հարցին, թե ինչո՞ւ է վաղ առավոտյան քվեարկում:
Արձագանքելով լրագրողի հարցին, թե Շիրակի դատախազն ու ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը համատեղ խաղատուն ունեն, ինչը դժվարեցնում է ոստիկանության աշխատանքը՝ կապված Գյումրիում աղմկահարույց կրակոցների ու սպանության հետ, Վլադիմիր Գասպարյանն ասաց, որ չի համարում, որ դա լուրջ խոսակցություն է:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե եթե ոստիկանապետը ԱԺ պատգամավորների հետ «արա»-ով է խոսում, ապա պետք է անվանական արտահայտվի, նա արձագանքեց. «Երիտասարդ պատգամավոր է, թող կայանա»:
Ինչ վերաբերում է «Բարեւ Երեւան» դաշինքի այն դժգոհություններին, թե ոստիկանությունն ընտրախախտումներին չի արձագանքում, Գասպարյանը նշեց, որ ոստիկանությունը ինչպես միշտ, այս անգամ էլ կարգ ու կանոն է հաստատելու: «Ոստիկանությունը պատրաստված է եւ վստահ եմ, որ անհանգստանալու ոչինչ չկա: Վստահ եմ, որ հասարակությունը նույնպես պատրաստ է»,- վստահեցրեց Վլադիմիր Գասպարյանը:
Ի դեպ, Վլադիմիր Գասպարյանը քվեարկության էր եկել իր փեսայի` ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արթուր Գեւորգյանի եւ Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի հետ:











