«Ինեկոբանկում» ներկայացրել են մայիսի 6-ի առավոտյան տեղի ունեցած միջադեպի որոշ մանրամասներ: Ինչպես պնդում են բանկում, ոչ բարոյական, ոչ նյութական վնաս բանկին եւ նրանց հաճախորդներին չի պատճառվել:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում բանկի մասնաճյուղերի զարգացման եւ համակարգման բաժնի պետ Անատոլի Տիրոսյանը ընդգծել է, որ բանկում տեղի ունեցած միջադեպը գնահատվում է որպես բանկի հաճախորդներից մեկի հոգեբանական եւ հոգեկան վիճակի վատացում: «Ներկայումս տեղի ունեցածը չենք կարող գնահատել որպես իրավախախտում, քանի որ օրինապահ կամ դատական մարմին չենք: Ուստի զերծ ենք մնում գնահատականներ տալուց: Կարող եմ մի բան ասել, որ ոչ բանկի աշխատակիցներին, ոչ հաճախորդներին նյութական կամ բարոյական վնաս չի պատճառվել»,-ընդգծել է բանկի ներկայացուցիչը:

Պատասխանելով այն հարցին, թե հատկապես ինչ է տեղի ունեցել, Անատոլի Տիրոսյանն ընդգծեց, որ ըստ աշխատակիցների զեկույցների, «իրենց լավ հաճախորդներից մեկը վատացել է: Դա դրսեւորվել է նրա վիճակի վատացմամբ: Նա իրեն այդքան էլ ադեկվատ չի պահել` հաընդհանուր ընդունված նորմերի տեսանկյունից, սովորականից ավելի բարձր է խոսել»: Ինչ վերաբերում է հաճախորդի մոտ զենքի առկայությանը, ապա Տիրոսյանի խոսքով, «բնականաբար, իրենք ոչինչ չգիտեն»: «Որեւէ բան որպես զենք դասակարգելու համար համապատասխան փորձաքննություն է անհրաժեշտ: Համենայն դեպս, այս պահի դրությամբ զենքի մասին որեւէ բան մեզ հայտնի չէ:

Կողոպուտ չի եղել, այն էլ` զինված: Դա կարող ենք հայտարարել ամենայն պատասխանատվությամբ: Մյուս բոլոր գնահատականները կարող են տալ օրինապահ մարմինները, որոնք, կարծում եմ, կզբաղվեն դրանով: Վստահենք մասնագետներին»,-ընդգծել է Տիրոսյանը: Նրա խոսքով, միջադեպը տեղի է ունեցել նախքան հաճախորդի` բանկի մասնաճյուղից դուրս գալը. «Նա դուրս է եկել Թումանյան փողոց: «Ինեկոբանկի» մասնաճյուղի տարածքում որեւէ տհաճ միջադեպ չի գրանցվել` կապված նյութական կամ բարոյական վնասի հետ, առավել եւս` քաղաքացիների կյանքին սպառնալու ռիսկերի հետ»:

Մինչ այդ Հայաստանի Ոստիկանության Կենտրոնի բաժանմունքում տեղի ունեցածի առնությամբ նյութեր են նախապատրաստվում: Երեւանի բնակիչը` ծնված 1982թ, մայիսի 6-ի առավոտյան այցելել է Թումանյան եւ Աբովյան փողոցների խաչմերուկում տեղակայված «Ինեկոբանկի» մասնաճյուղ: Ի դեպ, երիտասարդը հաշվառված է հոգեկան-նեւրոլոգիական դիսպանսերում: Որոշ կտրոնների վճարումից հետո, երիտասարդը որոշել է մի փոքր խաղալ իր հետ բերած խաղալիք ատրճանակով: Երիտասարդը ոչ մեկի չի սպառնացել, սակայն բանկի անվտանգության ծառայությունը օպերատիվ է արձագանքել եւ ոստիկանություն զանգահարել: