Սարդարապատում, Բաշ-Ապարանում եւ Ղարաքիլիսայում հայ ժողովրդի մայիսյան հաղթանակները մեր պատմության մեջ շատ խորհրդանշական են, դրանք ժողովրդին հաղարդել եւ շարունակում են համապատասխան հոգեւոր ուժ հաղորդել: Այս մասին այսօր` մայիսի 28-ին, «Սարդարապատ» հուշահամալիրում լրագրողներին ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Սարդարապատի հերոսամարտի ժամանակ դրսեւորվեց բոլոր շերտերի միասնականությունը` սկսած երեխաներից մինչեւ ամենատարեցները: Այդ ամենը եւս մեկ անգամ ապացուցում է, որ այսօր եւս մեր երկրի դեմ ագրեսիայի դեպքում մենք պետք է միասնաբար պայքարենք պետության անվտանգության համար», - նշել է նախարարը: Ըստ նրա` օրվա խորհուրդը շատ մեծ է, այն վկայում է, որ յուրաքանչյուրը պետք է պատասխանատվությամբ վերաբերվի իր պարտականություններին:
Սեյրան Օհանյանը նշել է, որ Հայաստանի ներկայիս զինված ուժերն իրենց յուրօրինակ պատմությունն ունեն: «Այդ պատմությունը հանուն Լեռնային Ղարաբաղի ազատության պայքարն է, դա քննություն է, որը զինված ուժերը հանձնել են պատերազմի ժամանակ եւ մինչ այժմ, ամեն օր շարունակում են հանձնել` ապահովելով Արցախի բնակչության անվտանգությունը», - ընդգծել է նախարարը` հավելելով, որ Զինված ուժերի ղեկավարությունը եւ երկրի Գերագույն հրամանատարն իրենց գնահատականներն են տալիս մեր զինուժի պատրաստականությանը:
«Մենք քանակի հետեւից չենք վազում, մենք որակյալ մարտական պատրաստականության կողմնակիցն ենք, յուրաքանչյուր զինվորի եւ ջոկատի ներդաշնակության: Եվ այսօր մեր զինված ուժերի գործունեությունը կարող են գնահատել նաեւ միջազգային կառույցները», - ասել է Սեյրան Օհանյանը` հստակեցնելով, որ միջազգային բոլոր միջոցառումներում Հայաստանի զինված ուժերը բարձր մարտական պատրաստականություն են ցուցաբերում: «Մենք պատերազմ չենք ուզում, սակայն եթե այն ամեն դեպքում պարտադրեն մեզ, պատրաստ ենք պատվով պայքարել հանուն մեր Հայրենիքի», - ընդգծել է Հայաստանի պաշտպանության նախարարը:











