«Նոր Մոսկվայում» ուղեւորատար ավտոբուսին հարվածած մանրաքար տեղափոխող բեռնատարը տարանցիկ համարներ է ունեցել: Մոսկվայի ՆԳՆ վարչության տվյալներով,  վարորդը վկայական ստացել է ոչ թե Ռուսաստանում, այլ Հայաստանում: Բեռնատարը դեռ գարնանից հաշվառումից հանված է եղել:

Ավելի վաղ Մոսկվայի փոխքաղաքապետի պաշտոնակատար Պյոտր Բիրյուկովը հայտնել էր, որ վարորդը Հայաստանի 46-ամյա  քաղաքացի է եղել: Մեկ տարվա ընթացքում նա վարչական վեց տույժի է ենթարկվել՝ երթեւեկության կաննոները խախտելու համար:  Բեռնատարի վարորդը  հոսպիտալացվել է, այս պահին նրան հարցաքննում է ոստիկանությունը:

Բժիշկներն իրենց հերթին նշում են, որ վարորդը գտնվում է Բոտկինի հիվանդանոցում եւ նրա վիճակը ծանր է:

Life News-ի հրապարակած տուժածների  նախնական ցուցակներում հայկական մեկ անուն-ազգանուն կա՝ Հրաչյա Հարությունյան, 46 տարեկան:

Նշենք, որ վթարի զոհ է դարձել 18 մարդ:  Երեք մարդ մահացել էր  Պոդոլսկի հիվանդանոց տեղափոխվելուց հետո: Վթարից եւս մեկ տուժած վախճանվել էր  Մոսկվայի Սկլիֆասովսկու անվան ինստիտուտում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ զոհվել է 14 մարդ:

Պոդոլսկի մոտակայքի վթարը տեղի էր ունեցել Մոսկվայի Տրոիցկի շրջանում՝ Օզնոբիշինո գյուղի հարեւանությամբ, հուլիսի 13-ին, ժ. 13:00-ին: Մանրաքար տեղափոխող բեռնատարը դուրս գալով երկրորդական ճանապարհից բախվել էր ԼԻԱԶ ավտոբուսին, որում եղել էր 41 մարդ: Ավտոբուսը 1033 համարի երթուղին էր իրականացնում՝ Պոդոլսկից Մոսկվա եւ Ժոխովո: