Ռուսաստանի պաշտպանության նախարարության մշակույթի վարչության պետ Անտոն Գուբանկովը ռեփ է երգել` «բանակի եւ զինվորական ծառայության հեղինակությունը բարձրացնելու նպատակով»:
Սոցիալական ցանցերում հայտնվել է երգի տեսահոլովակը, հայտնում է «Ինտերֆաքսը»: Ըստ Գուբանկովի խոստովանության` լսարանի հետ այս անսովոր շփմանն իրեն մղել է պաշտպանության նախարարության վերջերս տեղի ունեցած հավաքը, որտեղ քննարկվել են զինծառայության հեղինակությունը բարձրացնելու խնդիրները:
Գուբանկովը նշել է, որ ռեփ երգը գործընկերների հետ վեճի արդյունքն է: «Երաժշտական գաղափարին շատերը թերահավատորեն վերաբերվեցին, սակայն ես վիճեցի, որ դա հնարավոր է: Եվ բառերը հորինելով` տեսահոլովակ ձայնագրեցի մեկ օրում: Վերջիվերջո, Մշակույթի վարչությունը հատուկ կառույց է, ստեղծագործական» - ասել է Գուբանկովը:











