Բազմաթիվ միջազգային ու հայաստանյան հիմնադրամներ, բարերարներ եւ անհատ քաղաքացիներ շարունակում են արձագանքել Գյումրու անօթեւան ընտանիքների եւ սոցիալապես ծանր պայմաններում բնակվող ընտանիքների մասին «Շիրակ կենտրոնի» պատրաստած ու հայաստանյան տասնյակ էլեկտրոնային պարբերականներում զետեղված տեսանյութերին:

Տեսանութերի շնորհիվ «Շիրակ կենտրոնը» նաեւ ձեռք է բերել տասնյակ գործընկերներ , որոնց հետ համատեղ իրականացվել են բազմաթիվ բարեգործական միջոցառումներ: Նման մի ձեռնարկ էլ օրերս Գյումրիում իրականացրեց « Օգնենք հայ մանուկներին» հասարակական կազմակերպությունը: Բարեգործականի Երեւանից եւ Մոսկվայից ժամանած անդամները այցելեցին «Շիրակ կենտրոնի» տեսանյութերում ներկայացված տասնյակ անապահով ընտանիքներին ու նրանց տրամադրեցին սնունդ եւ հագուստ:

Նշենք նաեւ, որ «Շիրակ կենտրոնի» տեսանյութերի շնորհիվ վերջին երկու տարում տասնյակ գյումրեցի անապահով ընտանիքներ ունեցել են հովանավորներ` հիմնականում արտերկրից, որոնք երեխաներին հատկացնում են ամենամսյա դրամական օգնություն: Բարերարների կողմից գնվել եւ տնակներում ապրող անօթեւան ընտանիքներին նվեր է տրվել 13 բնակարան, իսկ ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի աջակցությամբ 800-ից ավելի ընտանիքների տրամադրվել են հագուստ, սնունդ եւ այլ պարագաներ, 250 ընտանիքի էլ` ձմռան ամիսներին վառելափայտ:

Բարեգործական ձեռնարկի մասին առավել մանրամասն` տեսանյութում: