«Նոր Մոսկվայում» ավտոբուսը երկու մասի բաժանած բեռնատարի վարորդ, քննչական մեկուսարանի հիվանդանոցում գտնվող 46-ամյա Հրաչյա Հարությունյանի ընտանիքը եւ հարազատները շոկի մեջ են եղել՝ նախ իմանալով վերջինիս վթարի ենթարկվելու մասին, այնուհետեւ մի քանի օր անց տեսնելով նրան կանացի գունազարդ խալաթով դատարան տանելու կադրերը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին նրա հարազատները:

Ընտանիքում վթարի մասին առաջինն իմացել է Հրաչյա Հարությունյանի դուստրը` Լիլիթը, նա լուրը կարդացել է համացանցում, լացելով դուրս է եկել սենյակից` ընտանիքի անդամներին ոչինչ չասելով:  Իսկ Հրաչյա Հարությունյանի կնոջը` Անահիտ Մարտիրոսյանին, ամուսնու վթարի ենթարկվելու մասին «որոշակի նախապատրաստական աշխատանքներից հետո» հայտնել է հարեւանուհին:

«Սառել էի, վատացա, ո՞վ էր էդպիսի բան սպասում: Լացում էի, հարեւանուհիս ասում էր, որ լավ է, կարեւորը ինքը ողջ է»,- պատմեց նա: Անահիտ Մարտիրոսյանն ասաց, որ դեպքի օրն առավոտյան խոսել էր ամուսնու հետ: «Նա լավ տրամադրություն ուներ, ասաց` գնում եմ աշխատանքի, ուշ կզանգեմ, սպասում էր զանգին, բայց չզանգեց: Ես փորձեցի, անընդհատ անհասանելի էր: Մտածեցի էնպիսի տեղ ա երեւի, որ կապ չկա: Դեպքի օրը չեմ քնել, առավոտյան 5-ից արթնացել եմ, ներսս փոթորիկ էր, ոնց որ զգայի, որ մի բան պետք է լինի: Անընդհատ ոնց որ ուզենայի լացեի, հարեւաններն էլ զարմացած էին, հետո բոլորը ասում էին, որ ոնց էի կանխազգում»,-ասաց Անահիտը:

Ամուսիններով որոշել էին, որ Հրաչյան կգնա, կաշխատի, սեպտեմբերին կվերադառնա, որդու գերեզմանը կսարքեն: «Էս տարի չէր ուզում գնար, ոնց որ ես ու դուստրս ստիպեցինք, որ գնա: Նա կգերադասեր ինքը մահանար, քան էդքան զոհ լիներ: Ես իր բնավորությունը 25 տարի է` գիտեմ, նա իր կյանքը կտար, կադրերում երեւում է չէ, որ ինքը մեքենան շուռ է տալիս, որ ինքը վնասվի, ուրիշը չտուժի: Գիտեմ, որ օրենքից չի կարող փախչել, կդատեն, բայց գոնե Հայաստան բերեն, իր վիճակը էնտեղ ահավոր կլինի, կճնշեն, վրեժ կլուծեն»,- պատմում է կինը:

Վարորդի հայրը` Հովսեփ Հարությունյանը, մեզ հետ զրույցում նշեց, որ սկզբից ընտանիքի անդամներն իրեն դեպքի մասին ոչինչ չեն ասել, երբ գալիս էր սենյակ, փակում էին համակարգիչը` ասելով, թե թաղման տեսարաններ են նայում, ավելի լավ է ինքը չնայի: Արդեն հաջորդ առավոտյան հարսը նրան հայտնել է, թե «Հրաչիկը վթարի է ենթարկվել»:

Հարազատները պատահական չեն համարում Հրաչյա Հարությունյանին` կանացի խալաթով դատարան տանելը` շեշտելով, որ այդպես փորձել են ոչ միայն նրան, այլեւ մի ամբողջ ազգի նսեմացնել, ինքնասիրությունը խոցել:

«Ռուս ազգն իր շովինիստական կողմը ցույց տվեց: Երբ մարդուն տանում են գնդակահարելու, փողկապը կապում են, կոստյում են հագցնում, լավ կերցնում են, նոր տանում են դատարան: Տղամարդուն կանացի շորեր եք հագցրել, էդ մեր ազգի՞ն եք ձեռ առնում, ծաղրում եք հա՞ հայ ազգին, ինչ անենք` դժբախտություն է, եղել է: 46 տարեկան մարդուն էսպես ծաղրե՞լ ամբողջ աշխարհում, որ բոլորը տեսնեն, որ հայ ազգի տղեն դառել ա ոչնչություն»,- ասաց  Հրաչյայի աները` Վիկտոր Մարտիրոսյանը:

Նա աշխատանքի բերումով եղել է վթարի վայրում, լավ ծանոթ է տեղանքին: «Էդ խաչմերուկը ես լավ գիտեմ: Գալու ժամանակ Հրաչը զգում է, որ տորմուզը չի պահում, իսկ մեքենան անընդհատ թափ է հավաքում, բարձած մեքենա է, սպուսկի վրա: Զգում է, որ մոտենում է ավտոբուսին, ինքը շուռ է տալիս, որ կողքով կարողանա անցնի, բայց ավտոբուսի պոչին է կպնում, ավտոբուսը կտրում է: Եթե ավտոբուսը մեջտեղից խփեր, ուրեմն` էնտեղ ոչ մի կենդանի մարդ չէր մնալու: Հերոսական գործ է արել, ինքը քաջ գիտակցել է, որ մեքենան շուռ տալով, ինքը մահանալու է, բայց ինքը շուռ է տվել, իրեն պետք է հերոսի կոչում տան, ոչ թե դատեն: 18 հոգի է մահացել, կարող է լրիվ մահանային»,- ասաց նա:

Հրաչյա Հարությունյանի հարազատները շեշտում են, որ վերջինս շատ ուշադիր, փորձառու, զգոն վարորդ է, երբեք վթարի չի ենթարկվել, անսարք մեքենա չի նստի, «մեքենան տնից մաքուր էր պահում»: Դեպքից հետո նրանք տեղեկություններ իմանում են միայն լրատվամիջոցներից, Ռուսաստանում գտնվող հարազատներին հիվանդանոցից ոչինչ չեն հայտնել, չեն թույլատրել նաեւ տեսակցել հայ վարորդի հետ: Հրաչյա Հարությունյանը նույնիսկ զանգի հնարավորություն չի ունեցել, այլապես անմիջապես կզանգեր ընտանիքին: Ընտանիքը դժվար կացության մեջ է հայտնվել, միակ կերակրող ձեռքը այժմ ազատազրկված է, եկամտի միակ աղբյուրը Հրաչյա Հարությունյանի հոր կենսաթոշակն է:

Հարությունյաններն ապրում են մեղմ ասած «համեստ» պայմաններում, հյուրասենյակի մեջտեղում` պահարանի վրա, մահացած 21-ամյա որդու լուսանկարն է, ննջարանում` Հրաչյայի մոր լուսանկարը:

Զրուցեցինք նրանց հարեւանների հետ, ովքեր միմիայն դրականն էին ասում` շեշտելով, որ երբեւէ որեւէ մեկին նեղություն չեն տվել, ինչով կարողացել են, օգնել են, իսկ «Հրաչյան նույնիսկ մրջյուն չի տրորի»: «Լավ կյանքից չէ, որ գնացել է այնտեղ աշխատի, որ այստեղ աշխատանք լիներ, այստեղ կաշխատեր, քանի ամիս է` աշխատանք էր փնտրում, չէր գտնում: Իրենք շատ լավ մարդիկ են, կցանկանամ, որ դաժան չվարվեն իր հետ, ներեն, որովհետեւ ինքը կյանքում չէր ցանկանա ոչ մեկի մահը»,-պատմեց հարեւաններից Անուշը:

«Դժբախտ ընտանիք են, փորձանքը եկել է էդ տան վրա: Մի տարի առաջ մայրը մահացավ, տղան բանակից եկավ, 21 տարեկանում օպերացիայի տակ մնաց, մահացավ, տարին նոր լրացավ. քրոջ ամուսինը` փեսան, քնած տեղը մնաց: Էս վերջում հորեղբոր կինը գնացել էր կանաչի քաղելու, սարից գլորվել է, մահացել: Ինքը հիմա մի աղջիկ ունի, որ ամուսնալուծված է: Ղարաբաղի կռվում գնաց բանակ, դաժե հաց էլ չունեին, բայց չգնացին որեւէ մեկի մոտ, թե օգնեք ինձ»,-պատմեց մյուս հարեւանը` Ռոզան:

Հրաչյա Հարությունյանի միակ հույսը Հայաստանի իշխանություններն են, որ տեր կկանգնեն իր քաղաքացուն: Նրանք օրինակ են բերում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, թե ինչպես վերջինս ցմահ ազատազրկված Ռամիլ Սաֆարովին ազատեց եւ հերոսացրեց, իսկ  արցախյան ազատամարտի մասնակից, իսկական հերոսը ոչ միայն կարիքից դրդված ստիպված է եղել մեկնել արտագնա աշխատանքի, այլեւ այժմ դժբախտ պատահարի արդյունքում նրան նսեմացնում են:

Ինգա Մարտինյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am