Քաղաքի կենտրոնում՝ Նալբանդյան փողոցում, նոյեմբերի 4-ին, չնայած որսի արգելքին, բացահայտ կերպով երկու կանայք սիգ էին վաճառում։ Կանայք NEWS.am-ի լրագրողին պատմեցին, որ ձուկն իրենք գնել են Նորադուզցի մի երիտասարդից, եւ որ սիգը Սեւանից է։

Հինգ րոպեի ընթացքում մեր լրագրողը ականատես է եղել, թե որքան մեծ պահանջարկ ունի ապօրինի որսված սիգը։ Քաղաքացիները մեկ հատը 1500 դրամ արժողությամբ թարմ սիգը եւ ապխտած ձուկը գնում էին առանց սակարկելու։ Վաճառող կանայք չէին հասցնում մաքրել սիգի փորոտիքը։

2012 թ. սիգի պաշարը Սևանա լճում կազմել է 6-6.5 տոննա։ Փաստորեն, սիգի պաշարը մեկ տարում կրճատվել է 2 տոննայով։ Հիշեցնենք, որ այս ձկնատեսակը վերացման եզրին է: Վերջին 20 տարիներին այս ձկնատեսակի պահուստները Սևանում կրճատվել են 5 հազար անգամ։ Սիգի առավելագույն պաշարը Սևանում արձանագրվել է 1988, 1989 և 1990 թվականներին՝ կազմելով 28-30 հազ.տոննա:

Փորձագետներն ասում են, որ ստեղծված իրավիճակի պատճառը, առաջին հերթին, սիգի մեծ ծավալի որսն է, հատկապես ձվադրման շրջանում։