«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը նոյեմբերի 28-ին ստորագրահավաք է սկսել Ազատության հրապարակում՝ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով։
«Այն մարդիկ, ովքեր չեն ուզում տեսնել նրան որպես երկրի ղեկավար, ստորագրում են»,- NEWS.am-ին ասաց Անի Զախարյանը, որը միաժամանակ մասնակցեց Ազատության հրապարակում անցկացվող գազի թանկացման դեմ ստորագրահավաքին։
Անի Զախարյանը հույս ունի հավաքել 1 ու կես միլիոն ստորագրություն. «Եթե այդքան ստորագրություն հավաքվի, կնշանակի, որ երկրի կեսը չի ուզում այդ մարդուն տեսնել որպես երկրի ղեկավար»՝ հիշեցնելով, որ ինքը վեց ամիս ժամանակ է տվել կառավարությանը՝ իրենց պահանջները կատարելու՝ նվազագույն աշխատավարձը և կենսաթոշակները 100.000 դրամ դարձնելու և բոլոր իրավական խնդիրները լուծելու` «քաղբանտարկյալներ Վոլոդյա Ավետիսյանին, Շանթ Հարությունյանին ազատելու» համար։
Անի Զախարյանին մոտեցան մի քանի տարեց կանայք ու տղամարդիկ, որոնք չէին ճանաչում ոչ նրան, ոչ էլ նրա կուսակցությունը, բայց ստորագրում էին՝ տեղեկանալով, որ ստորագրահավաքը Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով է, հետո հետաքրքրվում էին, թե ով է Անի Զախարյանը, ու լսելով նրա կուսակցության անունը, հարցնում. «Էդ ի՞նչ նոր կուսակցություն է, ինչո՞վ եք դուք զբաղվում»։
Անի Զախարյանը նշեց, որ ամեն կիրակի ժամը 15։00-ին, Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ հանրահավաք է անցկացնելու, ինքն անձամբ ամեն օր գնալու է Ազատության հրապարակ՝ ստորագրություններ հավաքելու, իսկ իր կուսակցութան անդամները շրջելու են մարզերով՝ տեղում իրենց կուսակցության քարոզն անելու եւ ստորագրություններ հավաքելու։











