Նոյեմբերի 23-ի «Բորուսիա»-«Բավարիա» խաղին ամբողջ Հայաստանն էր սպասում: Այդ օրը գերմանական գրանդ ակումբների մրցավեճին մասնակցում էր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն այժմ հանդես է գալիս Դորտմունդի «Բորուսիայում»:
NEWS.am-ի թղթակիցը խաղին հետեւեց «Բավարիայի» հայ երկրպագուների ակումբում, որտեղ մթնոլորտը թեժ էր, բայց հակասական։ «Բավարիայի» տարբերանշաններով ու դրոշներով ծածկված պատերի ներսում երկրպագուները երգում էին «Բավարիայի» հիմնը, իրենց սիրելի թիմի դարպասի մոտ ստեղծված ամեն գոլային պահի շունչը պահում, բայց երբ գնդակով Հենոն էր, դառնում էին Հայաստանի ազգային հավաքականի երկրպագու։
«Ուզում ենք Հենոն գոլ խփի, բայց «Բավարիան» հաղթի»,- իրենց զգացողությունները բացատրում էին «Բավարիայի» հայ երկրպագուները։
Երկուսուկես տարի գործող ակումբի անդամները «Բավարիայի» բոլոր հանդիպումները արդեն մեկուկես տարի միասին են նայում։ «Առաջին խաղը, որ միասին ենք նայել, 2012թ. մայիսի 19-ին էր, երբ Չեմպիոնների Լիգայի եզրափակչում «Բավարիան» խաղում էր «Չելսիի» հետ»,- NEWS.am-ին ասաց ֆան ակումբի հիմնադիր նախագահ Արտակ Վահանսարյանը:
Իրենց սիրելի թիմի խոշոր հաշվով հաղթանակը հայ երկրպագուները տոնեցին երկակի տրամադրությամբ. ցնծում էին 3։0 հաշվի համար ու տխրում, որ Հենոն գոլի հեղինակ չդարձավ։ 71-րդ րոպեին, երբ Մխիթարյանը փոխարինվեց, երկրպագուները նրան ճանապարհեցին ծափահարություններով ու «Մխիթարյան, Մխիթարյան» բացականչություններով:











