Նոյեմբերի 28-ին նախագահական նստավայրի դիմաց հերթական անգամ նստացույց սկսած Աշոտ Խուդոյանն ու կինը, չնայած ցուրտ եղանակին, 4 երեխաների հետ պատրաստվում են այսօր ևս գիշերել փողոցում: Ցրտի դեմ պայքարում են տաք հագուսով ու պատրաստվում են նախագահականի մոտ մնալ այնքան ժամանակ, մինչև իրենց դատական գործը դուրս կբերվի Արմավիրի մարզի դատախազությունից:

Ընտանիքը պատրաստվում է հայց ներկայացնել Աշոտ Խուդոյանի քրոջ՝ Մարիետա Քալաշյանի դեմ՝ իրենց ընտանիքին զրպարտելու համար:

«Մարիետա Քալաշյանը լրագրողների ներկայությամբ անպատիվ խոսքեր ա ասել իմ հասցեին, իբրև ես անբարոյական եմ, փողոցային եմ, ինքը չգիտի, թե եղբայրն ինձ որտեղից ա գտել: Վիրավորանքներ է հնչեցրել մեր հասցեին, որ մենք ընտանիք չենք կոչվում: Իբրև Աշոտը բերդում աչքն ա կարել: Ինքը իրա ասած վիրավորանքների, զրպարտությունների համար պատասխան ա տալու դատարանում մեր առաջ»,- NEWS.am-ին ասաց Աշոտ Խուդոյանի կինը՝ Հեղինե Մակարյանը:

Հիշեցնենք, որ Էջմիածնի բնակիչ Աշոտ Խուդոյանը նոյեմբերի 6-ին հինգերորդ անգամ նստացույց էր հայտարարել նախագահական նստավայրի մոտ, այնուհետև կարել բերանը: Նա պնդում է, որ իր քույրը անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էջմիածնի գրասենյակից գողացել է իր պապու կտակն ու կեղծել այն: Նա նամակներով դիմել էր նախագահին և գլխավոր դատախազին, պահանջել, որ «բացահայտեն հանցագործներին»: Նոյեմբերի 13-ին գլխավոր դատախազը ընդունել էր Աշոտ Խուդոյանին, խոստացել նոր քննություն նշանակել և անձամբ հետևել գործի քննությանը, որից հետո Խուդոյանը բերանի կարերը քանդել էր եւ գնացել տուն։ Սակայն դրանից հետո հարցը լուծում չի ստացել, եւ Խուդոյանը վերադարձել է Բաղրամյան փողոց՝ պահանջելու, որ գործը Արմավիրի դատախազությունից դուրս բերվի, որին նա չի վստահում։