ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Վուստեր քաղաքի մերձակայքում խոշոր ավտովթար է եղել: Իրար են բախվել 65 մարդատար մեքենաներ եւ չորս բեռնատարներ: Ոստիկանության տվյալներով, առնվազն 35 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, նրանցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է: Վթարվել է նաեւ ոստիկանական մի մեքենա, հաղորդում է Lifenews.ru-ն:

Միջադեպը տեղի է ունեցել երեկ առավոտյան, տեղի ժամանակով ժամը 7-ի սահմաններում: Վթարի պատճառը, ըստ ոստիկանության սերժանտ Սթիվեն Մարշի, ճանապարհների սառցակալումն է եղել:

Վարորդներին չի հաջողվել ժամանակին արգելակել, եւ վթարը ձգվել է առնվազն 500 մետր: Թիվ 290 մայրուղու վրա երթեւեկությունը վերականգնվել է միայն հինգ ժամ անց: