2012թ. դեկտեմբեր ամսին անսպասելի եւ ուժգին հրդեհ էր բռնկվել բազմազավակ գյումրեցի անօթեւան Պողոսյանների ընտանիքի տնակում: Դեպքի ժամանակ 6 երեխաների մայրը ավագ որդու հետ խանութում է եղել, իսկ 10 եւ 9 տարեկան աղջիկները` դպրոցում: Տնակն ամբողջ գույքի եւ անգամ փաստաթղթերի հետ միասին այրվել էր: Այս անօթեւան ընտանիքը հաշվառված չէր պետության կողմից բնակարանանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակում:

Շիրակ կենտրոնը դեպքից անմիջապես հետո պատրաստեց տեսանյութ «Աղջնակը այրվող տնակի հրդեհից փրկել է փոքրիկ քույրերին», որը հրապարակվեց հայասատանյան առաջատար պարբերականներում: Արձագանքները չուշացան, այս ընտանիքին օգնություն ցուցաբերեցին մեր բազմաթիվ հայրենակիցները:

Այսօր ամերիկյան «Փարոս» հիմնադրամը այս ընտանիքին  երեք սենյականոց՝ նոր եւ լուսավոր բնակարան նվիրեց, որը գնվել էր ամերիկահայ բարերաներ՝ Նժդեհ եւ Լիլիթ Յահուբյանների կողմից տրամադրվող միջոցներով: