Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` դեկտեմբերի 3-ին, «Վերնիսաժի» գործով դատական նիստը հետաձգվեց ամբաստանյալ  Վալերիկ Հովհաննիսյանի եւ Ներսես Մելքոնյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանի չներկայանալու պատճառով:

«Ամբաստանյալ Վալերիկ Հովհաննիսյանը տեղեկանք է ներկայացրել, որ զարկերակային ճնշումը 160-ից բարձր է, նաեւ ունի փորացավեր, ուստի չի կարողացել ներկայանալ դատարան»,-հայտարարեց դատավոր Գագիկ Պողոսյանը:

Դատարան չէին ներկայացել նաեւ գործով վկաներ Աստղիկ Օսիպյանը, Սեդրակ Գրիգորյանը, որոնց դատարանը հաջորդ դատական նիստին բերման ենթարկելու որոշում կայացրեց:

Նշենք, որ այսօր դատական նիստին ներկայացել էին տուժողներ Մյասնիկ Հայրապետյանը, Մնացական Սուքիասյանը եւ Ալվինա Բադալյանը:

Տուժողներ Մնացական Սուքիասյանը եւ Մյասնիկ Հայրապետյանը հենափայտով էին եկել դատարան եւ դատավորին խնդրեցին նիստերը չհետաձգել, քանի որ իրենց համար դժվար է ներկայանալ դատարան:

Մնացական Սուքիասյանը լրագրողների  հետ զրույցում ասաց, որ ինքը բողոք չունի եւ չի բողոքելու Գոռ Առաքելյանի դեմ: Նրա որդին, որն ուղեկցում էր հորը, հերքեց մամուլում տարածված այն տեղեկությունները, որ իրենք գումար են վերցրել Գոռ  Առաքելյանի հարազատներից։

«Նման բան չկա, սուտ»,- ասաց նա եւ հոր հետ հեռացավ:

Նշենք, որ դատական նիստն անցավ լեփ-լեցուն դահլիճում, ամբաստանյալների հարազատների եւ ընկերների մի մասն էլ մնացին դատարանի բակում կանգնած:

Դատական  նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին:

Հիշեցնենք, որ 2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում կրակոցներ էին հնչել «Վերնիսաժի» տարածքում։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Գոռ Առաքելյանը (ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան) Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ վեճի բռնվելով Վալերիկ Հովհաննիսյանի եւ Ներսես Մելքոնյանի հետ, փորձել է ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել նրանց, ինչպես նաեւ անկանոն կրակ է բացել՝ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելով պատահական անցորդների։ Գոռ Առաքելյանը մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ինչպես նաեւ երկու եւ ավելի անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար, իսկ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ավելի ուշ կալանավորվել են նաեւ Ներսես Մելքոնյանը եւ Վալերի Հովհաննիսյանը՝ խուլիգանության մեղադրանքով։

Գոռ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին, 6-րդ եւ 10-րդ կետերով, 112-րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին, 5-րդ, 9-րդ կետերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով: Վալերիկ Հովհաննիսյանին եւ Ներսես Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Երեքի դեպքում էլ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: