ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել են Ռ.Երիցյանի նկատմամբ կատարված ավազակային հարձակման մանրամասները, առերեւույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւհասարակայնության հետ կապերի բաժնից նախկինում տեղեկացրել էին, որ 2014թ. հոկտեմբերի 31-ին` ժամը 17:00 -ի սահմաններում, երկու անձ մուտք են գործել Երեւան քաղաքի Ամիրյան փողոցում գտնվող շենքերից մեկի բնակչուհի Ռ.Երիցյանի բնակարան, թափանցիկ կպչուն ժապավենով կապել նրա բերանն ու ոտքերը, կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով ծեծի ենթարկել` պատճառելով մարմնական վնասվածքներ, ապա՝ հափշտակել նրան պատկանող ոսկյա մատանիներն ու դիմել փախուստի։
Նախաքննության շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ տիկնոջ վրա հարձակվել են ՀՀ քաղաքացիներ Վ.Սեկոյանը եւ Ն.Մարությանը։
Վերջիններիս կողմից կիրառված բռնությունների հետեւանքով Ռ.Երիցյանին պատճառվել են փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի ցնցում, գլխի մազածածկ եւ դեմքի շրջանի փափուկ հյուսվածքների բազմաթիվ արյունազեղումներ, քերծվածքների ձեւով մարմնական վնասվածքներ։
Կատարված հանցագործության հետեւանքով՝ տուժողին պատճառել են նաեւ առանձնապես խոշոր չափերի վնաս՝ հափշտակելով ընդհանուր 3.720.000 ՀՀ դրամ արժողության զարդեր։
Քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ՝ Ն.Մարությանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Միաժամանակ, որոշում է կայացվել նաեւ՝ Վ.Սեկոյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին քննիչի միջնորդությունը, եւ Վ.Սեկոյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Միջոցներ են ձեռնարկվում Վ.Սեկոյանին հայտնաբերելու ուղղությամբ։











