Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ողբերգական ավտովթարից տուժած Հակոբյանները դերասանի հետ հաշտության չեն եկել փաստաբան Ռուբեն Բալոյանի միջամտության պատճառով: Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց դերասան Վարդան Պետրոսյանի մտերիմ ընկերը, դերասան Սարգիս Միքայելյանը՝ նշելով, որ իրենք հաշտեցման բազմաթիվ փորձեր են արել, սակայն դրանք անհաջողության են մատնվել:
Նրա խոսքով՝ Հակոբյանները Վարդան Պետրոսյանի հարազատների հետ բանակցությունների ժամանակ խոստացել են, որ չեն բողոքարկի, անկախ նրանից, թե ինչ դատավճիռ կկայացնի դատարանը, սակայն երկու շաբաթ անց նրանք իրենց մտադրությունը փոխել են:
«Բալոյանը չգիտեմ ինչ արեց, որ Արթուրը նորից մտադրությունը փոխեց, բայց մենք անընդհատ փնտրել ենք հաշտեցման ճանապարհ գտնել, ու անընդհատ իրենց կողմից է եղել էդ փորձերի ձախողումը, Բալոյանն այնպես արեց, որ չհաշտվենք»,-ասաց դերասանը:
Սարգիս Միքայելյանը պատմեց, որ Արթուր Հակոբյանը ցանկություն ունեցել է հաշտեցման. «Նա նույնիսկ ասել է, որ արդեն ինչ կորել, կորել է, երեխաները չկան, մենք չենք կարող այլեւս ոչինչ հետ բերել, ես էլ ասեցի՝ ավելի լավ է ՝Վարդանը դրսում լինի, ազատության մեջ, որպեսզի կարողանա հոգա Տաթեւիկի առողջության մասին, բայց փաստորեն Բալոյանը չցանկացավ»:
Հիշեցնենք, որ հունվարի 29-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը Վարդան Պետրոսյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ», եւ դատապարտեց ազատազրկման՝ 5 տարի ժամկետով՝ 2 տարով զրկելով մեքենա վարելու իրավունքից՝ նրա դեմ կիրառված խափանման միջոց կալանքը թողնելով անփոփոխ։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ Էդվարդ եւ Էդգար Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ:











