Արցախյան հաղթանակում կարեւոր նշանակություն են ունեցել ռազմական բժիշկները, որոնք կանգնած են եղել մեր զինված ուժերի ձեւավորման ակունքներում: Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, Երեւանի պետական բժշկական համալսարանում ռազմական բժիշկներին նվիրված  թանգարանի բացման արարողության ժամանակ նշեց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը (ֆոտոռեպորտաժ):

«Կարծում եմ, որ ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների կողքին անհրաժեշտություն է, որպեսզի մենք տոնենք այն հաղթանակները, որոնք ունեցել ենք եւ  Հայրենական պատերազմում եւ Արցախյան ազատամարտի ժամանակ: Մենք բազմիցս կարեւորել ենք ռազմական բժշկի նշանակությունը ոչ միայն պատերազմի ընթացքում, այլեւ խաղաղ ժամանակահատվածում»,-ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ հիշողությունների ամրագրման համար թանգարանի բացումը ամենակարեւոր բանն է:  Նախարարը շնորհակալություն հայտնեց այն մարդկանց, որոնք մասնակցություն են ունեցել թանգարանի բացմանը:

«Այսօրվա կուրսանը ոգեւորվելու է այն բժիշկների անցած ճանապարհով, որոնք որ ստեղծել են ռազմաբժշկական ֆակուլտետը եւ վստահ եմ, որ շարունակելու է նրանց գործը»,-ասաց նախարարը:

Նախարարը նաեւ պարգեւատրեց Արցախյան ազատամարտին մասնակցած բժիշկներին, ԵՊԲՀ ռազմական բժշկության ֆակուլտետի աշխատակիցներին եւ կուրսանտներին:

Նշենք, որ թանգարանի բացմանը մասնակցում էր նաեւ Սեյրան Օհանյանի կինը՝ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Խաչատրյանը: