Ռումինիայի Կլուժ քաղաքի Արվեստի ազգային թանգարանում ռումին դիվանագետ եւ պատմաբան Դորին Չիմպոեշուն Բաբեշ-Բոյայի համալսարանի Հայագիտության ինստիտուտի տնօրեն Լուչիան Նաստասե Կովաչի եւ պրոֆեսոր Ալեքսանդրու Գիշայի մասնակցությամբ օրերս ներկայացրեց Հայաստանի մասին պատմող իր հուշերի աշխատությունը:

Դորին Չիմպոեշուն, որ 2002-2005թթ. դիվանագիտական ծառայության մեջ է եղել Հայաստանում, հիմնվելով ձեռքի տակ եղած փաստական նյութերի եւ դիվանագիտական զեկույցների վրա,Հայաստանի մասին հակիրճ պատմական տեղեկանքից հետո, ներկայացնում է այդ տարիների Հայաստանի ներքին կյանքը, ներհայաստանյան զարգացումների վերաբերյալ Եվրոպական կառույցների դիտարկումները եւ արձագանքները: Աշխատության մեջ ծավալուն տեղ է հատկացված Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացին, Հայոց ցեղասպանությանը եւ հայ-թուրքական հարաբերություններին, որտեղ հեղինակը իրադարձություններին զուգընթաց` ներկայացնում է կողմերի դիրքորոշումներն ու տեսակետները, ինչպես նաեւ մասնագիտացված կառույցների եւ միջազգային հանրության վերաբերմունքը: Հեղինակը գիրքը նվիրել է Հայոց ցեղասպանության 1,5 մլն զոհերի հիշատակին:

Այս ամենի, ինչպես նաեւ տարածաշրջանային հարցերի, հայ-ռումինական հարաբերությունների, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի եւ դրան հակադարձելու Գալիպոլիի միջոցառման մասին` հաջորդ օրը Դորին Չիմպոեշուն եւ պրոֆեսոր Ալեքսանդրու Գիշան զրուցեցին Կլուժի Հանրային հեռուստատեսության Կարեն Շեբեշի հեղինակային հաղորդման ընթացքում:

Ռումին դիվանագետի մոտ ոչ մի կասկած գոյություն չունի Հայոց ցեղասպանության, հայ ժողովրդի տարածքային, նյութական ու մարդկային կորուստների հարցում: 

 Լեռնային Ղարաբաղի հակամարտության կապակցությամբ հեղինակը վերահաստատում է գրքում արտահայտված կարծիքը. «Ուժի կիրառման սպառնալիքով միակողմանի զիջումներ կորզելու Ադրբեջանի փորձերը դատապարտված են ոչ միայն ի սկզբանե, այլ շարունակում են մնալ հակամարտության փոխզիջումային լուծում գտնելու հիմնական խոչընդոտը: Ադրբեջանը ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական կամ բարոյական տեսակետից չի կարող հավակնություններ ունենալ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ»: