Հայաստանի ոստիկանությունը հատուկ տեխնիկա էր բերել Ֆրանսիայի հրապարակ, որ «նորից փորձության մեջ չընկնեինք»: Այս մասին այսօր՝ հունիսի 27-ին, տեխնիկան դուրս բերելուց հետո լրագրողներին ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ պատասխանելով NEWS.am-ի հարցին, թե ինչու որոշվեց տեխնիկան հանել հրապարակից:
«Տեխնիկան բերել էինք, որովհետեւ տառապանքս փորձ ունի: Պետք է՝ փորձության մեջ նորից չընկնենք, ի սկզբանե կանգնեցրել ենք, որ Երեւանը չխառնվի իրար: Սա մայրաքաղաքի զարկերակն է»,- ասաց Վլադիմիր Գասպարյանը:
Ոստիկանապետը հավաստիացրեց, որ այստեղ են, որ «բավականին ուժ լինի, որ ուժ չկիրառվի»:
Հիշեցնենք, որ էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով Բաղրամյան փողոցում սկսված նստացույցի 6–րդ օրը` հունիսի 27–ին, նախագահ Սերժ Սարգսյանն խորհրդակցություն է անցկացրել հանրապետության տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ, որի ընթացքում հայտարարել է, որ մինչեւ ՀԷՑ–ի կողմից էլեկտրաէներգիայի թանկացման հայտի հիմնավորվածությունը ստուգող` միջազգային աուդիտի եզրակացության կազմումը կառավարությունն իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը` վճարելով 6,9 դրամը։
Եթե աուդիտի արդյունքում հաստատվի թանկացման հիմնավորվածությունը, այդ պահից սպառողները կսկսեն վճարել նոր սակագնով, եթե այն անհիմն ճանաչվի, ապա կառավարությունը քայլեր կձեռնարկի Բաշխիչ ցանցերից ավելի վճարված գումարը հետ գանձելու և թերացած պաշտոնատար անձանց պատասխանատվության կանչելու համար: Բացասական եզրակացության դեպքում, ըստ նախագահի, հնարավոր է ՀԷՑ սեփականատիրոջ փոփոխություն` չբացառելով նաև այն պետությանը վերադարձնելու և մրցակցային կառավարման հանձնելու տարբերակը:
Այս պահին հայտնի չէ, թե ինչ որոշում կկայացնեն արդեն 6 օր Բաղրամյան պողոտայում բողոքի ցույց իրականացնող քաղաքացիները:











