Բաղրամյան պողոտայում ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման նստացույցի մասնակիցները հայտարարություն են տարածել, որը ամբիոնից ընթերցել է «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը։ (ֆոտոռեպորտաժ)
Ըստ նախաձեռնության, հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, իշխանությունների եւ հասարակության միջեւ վստահության բացակայությունը, սույն թվականի հունիսի 17-ին ՀԾԿՀ-ն կայացրել է ապօրինի որոշում, որի համաձայն առանց որոակի տնտեսական հիմքերի բարձրացվել է էլեկտրաէներգիայի սակագինը։
Հունիսի 19-ին Ազատության հրապարակում եւ մի շարք քաղաքներում սկսվեցին ինքնաբուխ ակցիաներ։ Այդ հավաքից հետո ցույցի մասնակիցների կողմից որոշվեց անցկացնել խաղաղ նստացույց՝ ժամանակ տալով իշխանություններին՝ չեղյալ հայտարարել որոշումը։
«Չստանալով երկրի իշխանությունների կողմից որեւէ արձագանք, հունիսի 22-ին ցուցարարները ինքնակազմակերպվեցին եւ երթով շարժվեցին Բաղրամյան պողոտա։
ՍԴ մոտակայքում հանդիպելով ոստիկանական պատնեշի՝ ցուցարարները հայտարարեցին ախղաղ նստացույց հենց պողոտայում։ Հունիսի 23-ի առավոտյան ոստիկանությունը իրականացրեց անհամաչափ բռնի ուժ՝ հատուկ միջոցների կիրառմամբ։ Խաղաղ ցուցարարները հետապնդվեցին եւ բերման ենթարկվեցին։ Բռնությունը քննադատվեց միջազգային բարձր աստիճաններում։
«Ոչ թալանին» նախաձեռնությունը ավելացրեց եւս մեկ պահանջ՝ հետաքննել եւ պատժել գործողություններին մասնակցած ոստիկանական խմբերին։
Հունիսի 27-ին տարածվեց հայտարարություն։ Վստահության բացակայության պատճառով մինչ այս պահը նստացույցը շարունակվում է։
Շարժումը դատապարտում է բոլոր տեսակի քաղաքական եւ ծայրահեղական մոտեցումները։ Քննարկելով բոլոր առաջարկները՝ նախաձեռնությունը հավատարիմ է մնում։ Առաջարկում է անցկացնել հանրային քննարկում։ Որոշողը կլինենք բոլորս, եւ շարժումը կմիանա ժողովրդի որոշմանը»,- նշեց Շուշանյանը՝ առաջարկելով տեղում քննարկել եւ 40 րոպեյվա ընթացքում հայտնել ժողովրդի որոշումը։
Այս պահին ոստիկանությունը մեծ ուժեր է կենտրոնացնում Սահմանադրական դատարանի մերձակայքում։
Նշենք, որ Բաղրամյան պողոտայում արդեն 7 օրն է, շարունակվում է բողոքի ակցիան։
Հիշեցնենք, որ էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով Բաղրամյան փողոցում սկսված նստացույցի 6–րդ օրը` հունիսի 27–ին, նախագահ Սերժ Սարգսյանն խորհրդակցություն է անցկացրել հանրապետության տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ, որի ընթացքում հայտարարել է, որ մինչեւ ՀԷՑ–ի կողմից էլեկտրաէներգիայի թանկացման հայտի հիմնավորվածությունը ստուգող` միջազգային աուդիտի եզրակացության կազմումը կառավարությունն իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը` վճարելով 6,93 դրամը։
Եթե աուդիտի արդյունքում հաստատվի թանկացման հիմնավորվածությունը, այդ պահից սպառողները կսկսեն վճարել նոր սակագնով, եթե այն անհիմն ճանաչվի, ապա կառավարությունը քայլեր կձեռնարկի Բաշխիչ ցանցերից ավելի վճարված գումարը հետ գանձելու եւ թերացած պաշտոնատար անձանց պատասխանատվության կանչելու համար: Բացասական եզրակացության դեպքում, ըստ նախագահի, հնարավոր է ՀԷՑ սեփականատիրոջ փոփոխություն` չբացառելով նաեւ այն պետությանը վերադարձնելու եւ մրցակցային կառավարման հանձնելու տարբերակը:
Նշենք, որ հունիսի 23-ի երեկոյան ժամը 19:00-ից քաղաքացիները հավաքվել են Բաղրամյան պողոտայում, փակել այն եւ պահանջում են կասեցնել էլեկտրաէներգիայի սակագնի 6,93 դրամով բարձրացման ՀԾԿՀ-ի հունիսի 17-ին կայացրած որոշումը:











