Ոստիկանությունը Բաղրամյան պողոտայում արդեն 14-րդ օրը նստացույց անող ցուցարարներին առաջարկում է միասին բացել Բաղրամյան պողոտան: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այս պահին Բաղրամյան Պողոտայում են ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որոնք էլ առաջարկ արեցին ցուցարարներին բացել պողոտան, հեռացնել աղբամանները:

Ոստիկանությունն առաջարկում է կամ տեղափոխվել մայթ, կամ ցույցը շարունակել Ազատության հրապարակում՝ խոստանալով չխոչընդոտել այնտեղ ընթացող ակցիային:

Հունան Պողոսյանը հայտարարեց, որ ցուցարարների պահանջները հիմնականում բավարարված են, եւ այն ոստիկանները, որոն բռնություն են կիրառել ցուցարարների ու լրագրողների նկատմամբ, անպայման կպատժվեն:

Նրանց հետ Բաղրամյան պողոտայի նստացույցի վայր են ժամանել մի քանի տասնյակ կարմիրբերետավորներ, ոստիկաններ, որոնք պատ են կազմել բարիկադ դարձած աղբամանների առջեւ:

Նշենք, որ ցուցարարները բողոքեցին փոխոստիկանապետին, որ իրենց շատ կարճ ժամանակ են տվել որոշումը կատարելու համար:

«Օգնեք մեզ բացենք միասին փողոցը, վերջում ջրցանով ձեր օգնությամբ փողոցը կջրենք, կմաքրենք»,- ցուցարարներին դիմեց Հունան Պողոսյանը, ինչին նրանցից մեկը հակադարձեց. «Շնորհակալ ենք, մենք ձեր ջրցանի ծառայություններից արդեն օգտվել ենք»:

Ցուցարարներն առաջարկեցին 10 րոպե ժամանակ տալ, ոստիկանության առաջարկությունը եւ իրենց հետագա անելիքները քննարկելու նպատակով:

Այս պահին ցուցարարների եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ քննարկումը շարունակվում է:

Իր հերթին Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ցուցարարներին հավաստիացրեց, որ իրենց գործողություններն ուղղված չեն ակցիան ցրելուն:

Հիշեցնենք, որ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որ պատրաստվում է այսօր բացել Բաղրամյան պողոտան: Հայտարարությունում ցուցարարներին ժամանակ է տրված մինչեւ 12.30-ը ինքնուրույն բացել  պողոտան: