Քրեական հեղինակություն «Թեւոսիկի» եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության մեջ մեղադրվող Իսրայել Սարգսյանը պնդում է, որ ինքը ամբաստանյալի աթոռին է հայտնվել գործով մեկ այլ մեղադրալ, այժմ ազատության մեջ գտնվող Տիգրան Ասատրյանի ցուցումով մոնտաժված իրենց հեռախոսային խոսակցության հիման վրա, որը սպանության հետ ոչ մի կապ չունի: Այս մասին այսօր՝ հուլիսի 28-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց ամբաստանյալ Իսրայել Սարգսյանը, որի միջնորդությամբ կրկին դատարան էր ներկայացել Տիգրան Ասատրյանը:

Իսրայել Սարգսյանը վրդովված ասաց, որ այդ ձայնագրության՝ ոչ ուղղակի ապացույցի հիման վրա են այժմ իրեն «դատ ու դատաստան տեսնում», եւ պահանջեց դատարան հրավիրել ամբողջական ձայնագրությունը մոնտաժած անձին, որը, ըստ ամբաստանյալի, վստահաբար տեղյակ է՝ ամբողջական ձայնագրությունում ինքն ու Տիգրան Ասատրյանն ինչ խոսակցություն են ունեցել: Նշենք, որ ձայնագրության գործին կցված տարբերակում Իսրայել Սարգսյանը խոստովանում է, որ Արթուր Սաֆարյանին ինքն է սպանել:

«Էդ ձայնագրությունը հեչ կապ չունի Արթուրի սպանության հետ: Ձայնագրությունը միակ ապացույցն ա, որ էսօր ես ստեղ եմ գտնվում: Իմ դեմ 100 տոկոսանոց մի ապացույց չկա, ոչ ոք չի կարող ինձ մեղադրել Արթուրի սպանության համար: Բայց Տիգրանի ցուցմունքների եւ էդ ձայնագրության հիման վրա իմ դեմ դատ ու դատաստան են տեսնում: Ես շատ կուզեի, որ  մոնտաժողը գա ստեղ: Ես իրան լիքը հարցեր ունեմ տալու: Եթե ինքը իսկական ձայնագրությունը լսել ա ու մոնտաժ ա արել Տիգրանի ցուցումներով, ուրեմն շատ հետաքրքիր բաներ կարող ա պատմի, թե էդ ձայնագրության մեջ ինչ խոսակցություն ա եղել»,- ասաց ամբաստանյալը:

Տիգրան Ասատրյանը կտրականապես հրաժարվեց պատասխանել Իսրայել Սարգսյանի՝ գործին առնչվող եւ չառնչվող հարցերին՝ պատճառաբանելով, թե ինքը նախաքննական ցուցմունքներում բացատրություններ տվել է, եւ դատարանում ոչ մի հարցի «չունի պատասխանելու, Իսոյի սպրոսին չի մասնակցի»: Տիգրան Ասատրյանը, այնուամենայնիվ, նշեց, որ ինքը չի վախենում եւ չի խուսափում դատարան գալուց:   

Շարունակելով բացահայտումների շարքը՝ Իսրայել Սարգսյանը հայտարարեց, որ Մովսես Ներսիսյանը, որին, ըստ մեղադրանքի, ինքը պատվիրել է սպանել Արթուր Սաֆարյանին, ապա սպանությունից հետո նաեւ նրան է սպանել, ողջ է:  

«Մոսոյի մասին չեմ խոսում, որովհետեւ Մոսոն բոլորիցս ողջ առողջ ա, ու ես էդ կապացուցեմ»,- ասաց Սարգսյանը:

Դատական նիստը, որը շատ լարված էր անցնում, մի պահ վերածվեց Իսրայել Սարգսյանի եւ Տիգրան Ասատրյանի լեզվակռվի, որն ուղեկցվում էր մեղադրանքներով եւ նույնիսկ սպառնալիքներով:

«Տիկ, լավ, խի՞ իմ գլխին սարքեցիր, բերեցիր ստեղ, ինչի՞ համար: Դու ես ինձ համար գերեզմանոցի փոսը փորել, բայց դու ես մի օր էս փոսում հայտնվելու»,-ասաց ամբաստանյալը, ինչին ի պատասխան՝ Տիգրան Ասատրյանն ասաց. «Քո գերեզմանը դու ես փորել, ես քեզ ասել էի` էդ չարությունը մեջիցդ հանի»:

Նիստը նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանը ամբաստանյալ Իսրայել Սարգսյանին 2 անգամ նախազգուշացրեց դատարանում վիճաբանություն սարքելու համար՝ նշելով, որ 3-րդ զգուշացումից հետո ինքը ստիպված կլինի նիստերը շարունակել առանց ամբաստանյալի:

Դատական նիստին հարցաքննվեց գործով եւս 4 վկա, որոնք դեպքի մանրամասներին չէին տիրապետում:

Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը կկայանա oգոստոսի 27-ին:

Հիշեցնենք, որ հունվարի 27-ին, անհայտ անձը Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ կրակել եւ սպանել էր 41-ամյա Արթուր Սաֆարյանին՝ քրեական հեղինակություն «Թեւոսիկի» եղբորը: Ոստիկանները գործով կալանավորել են Իսրայել Սարգսյանին, որը Գոռ Վարդանյանի գլխավորած «Դուքենդո» ֆեդերացիայի անդամներից է, եւ Տիգրան Ասատրյանին, որն ավելի ուշ ազատ է արձակվել: Քրեական գործով պարզվել էր, որ Իսրայել Սարգսյանն իր ընկեր Մովսես Ներսիսյանին պատվիրել է կատարել Արթուր Սաֆարյանի սպանությունը, իսկ կատարելուց հետո Մովսեսին սպանել է, դին տեղափոխել է Քանաքեռավանի դաշտ եւ նետել կոյուղու դիտահորը: Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր-օրի 104 հոդվածի 1-ին մասի 11 կետի (սպանություն) եւ 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: