Ucom ընկերության բաժանորդներին նոր անակնկալ է սպասվում, առաջիկայում Ucom-ի ցանցում սկսվելու է 6 տարբեր «Արմենիա»-ների հեռարձակումը: 

«Արմենիա» հեռուստաընկերության տնօրեն Դավիթ Բաբախանյանն այսօր՝ օգոստոսի 7-ին կայացած ասուլիսում նշեց, որ սա նոր «Արմենիա» հեռուստաընտանիքն է: «Այն կոչված է գոհացնելու հեռուստադիտողների լայն բազմությանը: Մենք հույս ունենք, որ յուրաքանչյուր հեռուստադիտող կգտնի իրեն առավելագույն հարմար ալիքը»,- նշեց նա:

Իսկ Ucom-ի տնօրեն Հայկ Եսայանն իր հերթին նշեց, որ «Արմենիա» հեռուստաընկերության հետ համատեղ ծրագրեր միշտ են իրականացվել: «Առաջին HD հեռուստաթողարկումը տեղի ունեցավ մեր ցանցում: Ucom-ի բարձր պատկերի որակով մենք վեց նոր ալիք կհասցնենք մեր հաճախորդներին»,- նշեց նա: Հայկ Եսայանը հատկապես նշեց վեց ալիքներից երկուսը՝ «Հայկինոն» եւ մանկական «Տունտունիկը», որոնք բացառիկ են: Ucom-ի տնօրենը կարծում է, որ նոր ալիքները լավ հնարավորություն են բաժանորդների համար եւ կարող են մասնակիորեն փոխարինել արտասահմանյան ալիքներին:

Ի դեպ, վեց ալիքներով էլ բոլոր հաղորդումները ցուցադրվելու են առանց գովազդային դադարների, իսկ սերիալներն ու սիտկոմները ցուցադրելու են մեկ օր շուտ «Արմենիա Պրեմիում» ալիքով, ֆոտբոլի Չեմպիոնների լիգայի խաղերը հեռարձակվելու են երկու անգամ շատ: