Պատգամավոր Մհեր Սեդրակյանը նորից նեղացրել է լրագրողներին` նրանց անվանելով «նախիր»։ Խորհրդարանական լրագրողները ստորագրահավաք են սկսել եւ պահանջում են պատժել կարգազանց պատգամավորին։  Ընդիմադիր պատգամավորներն այսօր ամբիոնից դատապարտել են իրենց գործընկերոջը, իսկ հանրապետականները միջանցքներում պաշտպանել նրան։ 

Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի քվեարկությանն ընդառաջ Ազգային ժողովում այսօր քննություն էր հանձնում Արման Թաթոյանը։ Պատգամավորները նրան հարցեր են ուղղել ոլորտի բոլոր ցավոտ խնդիրներից` քաղբանտարկյալներ,Մարտի 1, եւ ամենակարեւորը` երաշխիքներ, որ ինքը նախորդ օմբուսդմենների նման իշխանության դրածոն չէ։ 

Գալուստ Սահակյանը հիվանդանոցից դուրս է գրվել սուսուփուս, կիրակի, երբ միջանցքներում հերթապահող լրագրողներ չկային։ Բժիշկները պնդում են, որ ԱԺ 67–ամյա նախագահը չորս օր հիվանդանոցում ընդամենը հետազոտվել է։ Հանրապետականներն էլ վստահեցնում են, որ մի քանի օրից նա աշխատանքի կվերադառնա։ 

Արթուր Բաղդասարյանը նոր կուսակցություն է հիմնել` «Հայկական վերածնունդ միավորում», որը, ըստ էության, նույն «Օրինաց երկիրն է», գումարած  մի քանի տասնյակ անհայտ կուսակցություններ եւ կազմակերպություններ։ Ո՞րն էր կուսակցության 18 տարվա անունը փոխելու պատճառը. Արթուր Բաղդասարյանը վստահեցնում է` հաստատ ոչ հեղինակազրկվելը, ինչպես բոլորն են կարծում։

Հավելագրումներ անող էլեկտրիկները կազատվեն աշխատանքից` խոստանում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը։ Ի դեպ, ընկերությունն այս երեւույթն անվանում է նախկին ժամանակաշրջանից մնացած ժառանգություն` փաստացի ընդունելով, որ հավելագրումների մասին խոսակցությունները հիմնավորված են։

Սպանություն Լոռու մարզում։ 44–ամյա Նվեր Քոչինյանի դին հայտնաբերվել է գիշերը Վահագնի գյուղի մոտ` ճամփեզրին։ NEWS.am–ի տեղեկություններով` կասկածյալը նրա համագյուղացին է եւ վաղեմի ընկերը, որի հետ մի քանի տարի առաջ Ռուստաստանում աշխատելիս սպանվածը ֆինանսական խնդիր է ունեցել։

Դժբախտ պատահար Թեղուտի հանքավայրում։ Աշխատակիցը ընկել է 9 մետր խորությամբ հորանը եւ մահացել։ Փրկարարներից մի քանի ժամ է պահանջվել նրա վրա թափված զանգվածը հեռացնելու եւ մարմինը դուրս բերելու համար։ 57-ամյա Հայկ Սարգսյանը Ալավերդիի բնակիչ էր։

Հայաստանում Ամերիկյան դեսպանատան դիմաց մեքենա է այրվել։ «Toyota Corollaն» բախվել է ծառին, բետոնե ճամփաբաժանին։ Վթարի հետեւանքով մեքենան հրդեհվել է, 32–ամյա վարորդն ու 26–ամյա ուղեւորը տեղափոխվել են հիվանդանոց։ Ուղեւորի վիճակը ծայրահեղ ծանր է։

Կիրակի Դամասկոսում եւ Հոմսում մի քանի պայթյունների հետեւանքով առնվազն 130 մարդ է զոհվել, հիմնականում` խաղաղ բնակիչներ։ Ահաբեկչական գործողությունների համար պատասխանատվություն է ստանձնել Իսլամական պետությունը։

Կիեւում թեւածում է մայդանի ուրվականը։ «Հեղափոխական աջ ուժերը» երեկվանից նստած են կենտրոնական հրապարակում եւ պահանջում են վարչապետ Յացենյուկի եւ նախագահ Պորոշենկոյի հրաժարականը։ Յացենյուկը հուսահատ քայլի է դիմել` խոստովանել, որ հեղափոխությունից հետո իրեն չի հաջողվել արդարացնել ժողովրդի սպասելիքները։ Սակայն դա չի օգնել։ Ռադայում պատգամավորները հանդես են եկել Յացենյուկի հրաժարականի հերթական նախաձեռնությամբ։ 

Անտարկտիդայում ռեկորդային բարձր ջերմաստիճան է գրանցվել` 17,8 աստիճան։ Չեխ գիտնականների ֆիքսած այս տվյալը դեռ պետք է հաստատի հատուկ հանձնաժողովը, սակայն սա արդեն լուրջ ահազանգ է, որ գլոբալ տաքացման գործընթացն ավելի է արագացել։

Ուկրաինայի մասնակցությունը «Եվրատեսիլին» այս տարի հայկական երանգներ կունենա։ Քվեարկությամբ ընտրված մասնակիցը հայկական արմատներ ունի։ Ջամալայի հայրը թաթար է, մայրը` հայուհի։ Ջամալա բեմական անունով հանդես եկող երգչուհու իսկական անունը Սուսաննա է։

Հայաստանը ներկայացնող պարային զույգը փայլուն ելույթ է ոնեցել Bavarian open գեղասահքի մրցաշարում: Կանադահայ Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը գրավել են երկրորդ տեղը: 

Դոլարը, եվրոն եւ ֆունտը էժանացել են։ Դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 494, եվրոյինը` 548, ֆունտինը` 701 դրամ։ Ռուբլին աննշան թանկացել է` 6.51 դրամ։ 

Վաղը երեկոյան մայրաքաղաքում անձրեւ կտեղա։ Տեղումներ են սպասվում նաեւ հանրապետության արեւմտյան շրջաններում։ Ջերմաստիճանը մայրաքաղաքում անփոփոխ է` ցերեկը մինչեւ +13, գիշերը` +5։