Սերժ Սարգսյանը այսօր «Էրեբունի» օդանավակայանում էր, որտեղ գտնվում է հայ-ռուսական համատեղ ռազմաօդային ավիաբազան: Նախագահին ուղեկցում էին օտարերկրյա բարձրաստիճան հյուրեր, որոնք Երեւանում մասնակցում են ՀԱՊԿ խորհրդի նիստին: Նրանք ծանոթացել են ավիաբազայի սպառազինություններին եւ ռազմական տեխնիկային, դիտել կործանիչների ցուցադրական թռիչքները:

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Արցախում: 19-ամյա Սարգիս Օհանյանը մահացել է դիրքերում՝ նռնակի պայթյունից: Հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով: Սարգիսը Չարենցավան քաղաքից էր, 8 ամիս առաջ էր զորակոչվել բանակ:

Գյումրեցի Հակոբը հազիվ է իրեն տիրապետում: Քիչ առաջ կորցրել է իր նորածին տղային, վստահ է, որ առաջնեկը հիմա գրկին կլիներ, եթե Գյումրու ծննդատան բժիշկներն անտարբերություն չդրսեւորեին: Հակոբի 38-ամյա կինը ծննդաբերել է կեսարյան հատումով: Վիրահատությունից հետո բժիշկները վստահեցրել են, որ երեխայի վիճակը բավարար է: Լուսադեմին, սակայն, զանգել են, ասել, որ երեխային պետք է այլ հիվանդանոց տեղափոխել, քանի որ խնդիրներ ունի, իսկ իրենք արհեստական շնչառության ապարատ չունեն:

Երկու տարի առաջ Գյումրու նույն ծննդատանը ծննդկան էր մահացել: 3-րդ երեխայի ծննդաբերության ժամանակ մահացած Կարինեի հարազատները նույնպես պնդում են, որ 38-ամյա կնոջ մահը վրա է հասել բժիշկների մեղքով: 1.5 տարի տեւած նախաքննությունից հետո քննիչները կարճել էին քրգործը, սակայն դատարան օրերս որոշել է գործը վերաբացել:

Հայրենիքը վաճառել է 700 դոլարով եւ 1 հեծանիվով: Լրտեսության մեջ մեղադրվող հետախույզ Գարիկ Մարությանի գործն արդեն դատարանում է: Ըստ մեղադրանքի 38-ամյա մայորը «Օդնոկլասնիկի»-ով տեղեկություններ է փոխանցել Թուրքիայում գործող ադրբեջանական հետախուզությանը, ընդ որում, դա արել է չնչին վարձատրության դիմաց:

Երեւանում երթուղային Գազել է վթարի ենթարկվել: Երեկոյան Սասունցի Դավիթ եւ Մուրացան փողոցի խաչմերուկում բախվել են 11 համարի երթուղայինը եւ Audi-ն: Երթուղայինը կողաշրջվել է, 9 մարդ տեղափոխվել է  հիվանդանոց։  Վնասվածքները թեթեւ են եղել, առաջին բուժօգնությունից հետո տուժածները դուրս են գրվել: Ի դեպ, տարածքի բնակիչները դգոհում են, որ այդ խաչմերուկում հաճախ են վթարները, ինչը նրանք բացատրում են երթեւեկության ոչ պատշաճ կարգավորմամբ:

Նույն ժամին՝ Արտաշատ-Երեւան ճանապարհին է վթար եղել՝ այս անգամ արդեն մահվան ելքով: 24-ամյա Էմիլ Պետրոսյանի վարած Volkswagen-ը  բախվել է   Արցախի Պաշտպանության բանակի հաշվեկշռում գրանցված Краз մակնիշի   ավտոմեքենային և բռնկվել։ Վթարի հետեւանքով «Վոլկսվագենի  ուղեւորուհին՝ Երևանի բնակիչ 19-ամյա Մարի Չիրաջյանը տեղում մահացել է, իսկ վարորդը՝ հոսպիտալացվել հիվանդանոց: Մարին ու Էմիլը նշանված էին, պատրաստվում էին ամուսնանալ:

Առյուծին շոյելու ցանկությունը 43-ամյա Արտյոմի վրա թանկ է նստել: Արարատցի տղամարդը հրաշքով է ազատվել գիշատիչի ճանկերից: Ընկերների հետ մի քիչ խմելուց հետո հիշել էր, որ Գյումրիից Ուրցաձոր առյուծներ են բերել: Որոշել է մի քիչ սիրել: Գազանը նրան սխալ է հասկացել: Արտյոմին վիրահատել են, լիարժեք ապաքինման համար մոտ մեկ տարի կպահանջվի:

Երեւանի կրկեսի նոր շենքը շահագործման կհանձնվի հինը պայթեցնելուց 5 տարի անց՝ հաջորդ տարվա հոկտեմբերին: Գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը այսօր մանրամասներ է պատմել: 8-հարկանի շենքի երկու հարկերը կլինեն ստորգետնյա: Դահլիճը կունենա 2500 նստատեղ՝ մարզական եւ մշակութային միջոցառումներ անցկացնելու համար: Կլինի նաեւ սառույցի եւ ջրի վրա համարներ բեմադրելու հնարավորություն:

Չիկագոյում Հանրապետական  Դոնալդ Թրամփի ելույթը  բուռն է անցել: Նախագահի թեկնածուի   կողմնակիցների ու ընդդիմախոսների միջեւ բորբոքված կրքերից երկու ոստիկան է տուժել։  Իրավապահներն էլ իրենց հերթին հինգ մարդու են կալանավորել։

Պուերտո Ռիկոյում մահացած տղամարդն իրեն վերջին հրաժեշտը տվողներին դիմավորել է նստած՝  բաց աչքերով ու սիգարը ձեռքին: 26-ամյա երիտասարդի հոգեհանգստյան այս իմիջը հարազատների ցանկությունն էր՝ որպես տուրք նրա ապրած կարճ բայց բուռն կյանքին:

Սան Պաուլոյում վթարված մեքենայի ուղեւորուհին ապշեցրել է իր սառնասրտությամբ: Նա շպարը կարգի է բերել հենց նոր մահացած վարորդի դիակի կողքին:

Դոլարը, եվրոն, ֆունտը այսօր նվազել են, ռուբլին՝ մնացել անփոփոխ։  Այսպիսով ՝ դոլարի   փոխարժեքն այսօր  կազմել է 490, եվրոյինը ՝ 544, ֆունտինը՝  700 , իսկ ռուսական ռուբլունը   6.99 դրամ:

Հայաստանի տարածքում մարտի 13-ի գիշերը որոշ շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ, բայց ցերեկը   տեղումներ  չեն լինի: Երեւանում նույնպես մարտի 13-ի գիշերը հնարավոր է կարճատեւ անձրեւ : Այս գիշեր մայրաքաղաքում կլինի   մինչև  7, իսկ վաղը ցերեկը` մինչև 21 աստիճան: Սակայն մարտի 15-16-ը օդի ջերմաստիճանը   ցերեկային ժամերին  կնվազի 8-10 աստիճանով: