Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Սերժ Սարգսյանն այցել է Հարվարդի համալսարանի կառավարման դպրոց, որտեղ դասախոսություն է կարդացել եւ պատասխանել հարցերի: Նախագահն ասել է, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը նոր հնարավորություններ է բացում Հայաստանի համար: Անդրադառնալով Լեռնային ղարաբաղի հակամարտությանը՝ Սերժ Սարգսյանն ասել է, որ Ադրբեջանը հակամարտությունն օգտագործում է սեփական երկրում ունեցած խնդիրներն արդարացնելու համար:
«Զվարթնոց» օդանավակայանում մարտի 24-ին պայթյունի մասին կեղծ ահազանգը ստացվել է ադրբեջանական օպերատորի IP հասցեից: Հայ իրավապահները պարզել են, որ այդ հասցեից օգտված անձն ինտերնետ է մտել երրորդ երկրի սերվերի միջոցով: Թե որ երկրի, Հայաստանի իրավապահ մարմինները դեռ չեն հրապարակում: Հիշեցնենք, որ ստացված էլեկտրոնային նամակում աասվում էր, որ պայթեցվելու էր Մոսկվա- Երեւան չվերթի ինքնաթիռը, ինչպես նաեւ օդանավակայանը:
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Հայաստանի զորամասերից մեկում. 19-ամյա զինծառայողն էլեկտրահարվել է եւ մահացել հիվանդանոցի ճանապարհին: Սարգիս Մանուկյանին հայտնաբերել են պահակակետի տարածքում գտնվող էլեկտրակայանի ներսում: Դեպքի հանգամանքները պարզվում են: Սարգիսը Լոռու մարզի Կաթնաջուր գյուղից էր, տան միակ արու զավակը, բանակ էր զորակոչվել 9 ամիս առաջ:
Պաշտպանական գծի առաջնագծում ժամկետային զինծառայող է վիրավորվել: Թե ինչ հանգամանքնեորում՝ առայժմ չի հաղորդվում: 19-ամյա Դավիթ Գրիգորյանն այժմ հոսպիտալում է, նրա առողջական վիճակի մեջ դրական միտում կա:
Արմեն Մարտիրոսյանը բացատրել է` ինչու «Ժառանգությունը» չի մասնակցի Ընտրական նոր օրենսգրքի շուրջ 4+4+4 ձեւաչափի քննարկմանը. չեն պատրաստվում քննարկել ոչ լեգիտիմ իշխանության ներկայացրած որեւէ նախագիծ: Բացի դրանից՝ քննարկումներն անիմաստ են համարում: «Ժառանգությունը» Ընտրական օրենսգրքում իրենց առաջարկները մտցնելու միակ տարբերակը համարում է փողոցային պայքարը, քանի որ վստահ են՝ իշխանություններն առանց քաղաքացիական հզոր ճնշման զիջման չեն գնա: Փողոցում «Ժառանգությունը» կպայքարի «Նոր Հայաստանի» հետ:
Մեկից ավելի անգամ քվեարկողները, կամ էլ՝ ուրիշի անձնագրով քվեարկողները՝ այսուհետ հնարավոր է՝ տուգանքով չազատվեն: Կառավարությունը հավանություն է տվել պատմագավոր Էդմոն Մարուքյանի օրինագծին, որով ցանկացած ընտրախախտման համար ազատազրկում է նախատեսվում: Հետաքրքիր է, որ Դավիթ Հարությունյանն այս օրինագծին դեմ էր արտահայտվել, իսկ Հովիկ Աբրահամյանն այսօր պաշտպանել է այն:
Մինչև 2016 թվականի ավարտը Մեղրին ու Ագարակը գազ կունենան: Իրանական գազատարից ընդամենը մի քանի կիլոմետրի վրա գտնվող աայս երկու քաղաքները մինչեւ օրս գազ չունեն: Խողովակները կտեղադրի իրանական ընկերությունը՝ Իրանի կառավարության անհատույց տրամադրած միջոցներով:
Ինչ վերաբերում է ռուսական գազի գնին, կառավարությունը շարունակում է վստահեցնել, որ գինն իջեցնելու շուրջ բանակցություններն ընթացքի մեջ են, եւ գինը հաստատ կիջնի: Լրագրողները, սակայն, թերահավատ են: Հայկական կողմը, կարծես թե խեղճանում է բանակցություններում: Էներգետիկայի նախարար Լեւոն Յոլյանին այս դիտարկումը դուր չի եկել: Լուրեր կան, որ բանակցությունների վերջական արդյունքները կհրապարակվեն Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի երեւանյան այցի ժամանակ՝ ապրիլի 7-ից 8-ը:
Գերակա շահի զոհ դարձած կոնդեցիները կրկին այսօր Կառավարության շենքի առջեւ էին: Նրանք պահանջում էին, որ վարչապետն ընդունի իրենց: Սակայն Հովիկ Աբրահամյանի փոխարեն շենքից դուրս է եկել վարչապետի խորհրդականը: Հայկ Դավթյանն ասել է, որ 10 տարի առաջ տներից զրկված կոնդեցիներին դեռ չեն կարող բնակարանով ապահովել:
Հայաստանից հերթական անգամ «օրենքով գող» է արտաքսվել` Վրաստանի քաղաքացի, ազգությամբ եզդի Վիտալի Ավդիյանը՝ «Վիտյա Թբիլիսկի» մականունով: Նա Հայաստան էր ժամանել վերջերս: Վերջին շաբաթում մի քանի օրենքով գող է Հայաստանից արտաքսվել:
Երեւանի կենտրոնում այսօր վաղ առավոտյան հնչել են կրակոցներ: Չարենցի փողոցում վիճաբանելիս 26-ամյա Դավիթ Հարությունյանը կրակել է օդամղիչ ատրճանակով, ապա տեսնելով մոտեցող ոստիկանին՝ մյուսների հետ դիմել փախուստի: Ոստիկանները բերման են ենթարկել 4 երիտասարդի, մյուս երկուսին դեռ որոնում են:
Երեւանյան հիվանդանոցներից մեկում ցմահ դատապարտյալ է մահացել: 35-ամյա Հենրիկ Հովնիկյանը կալանավայրից հիվանդանոց էր տեղափոխվել առողջական խնդիրներով: Նրան անհրաժեշտ է եղել արյան փոխներարկում, որից, սակայն, դատապարտյալը հրաժարվել է: Հովնիկյանը ցմահ ազատազրկման էր դատապարտվել Գագիկ Ծառուկյանին պատկանող «Ավիասերվիս» ընկերության տնօրենի սպանության գործով:
Երեւանի դիտահորերից մեկում գազի արտահոսքից թունավորվել է գազի ծառայության 4 աշխատակից: Նրանք դուրս են բերվել, տեղափոխվել հիվանդանոց, որտեղ երեքի վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ 25-ամյա Հայկ Սարգսյանի վիճակը՝ ծայրահեղ ծանր: Ականատեսները պատմել են, որ Հայկին շատ ուշ են դիտահորից դուրս բերել:
Ալավերդիում ամբողջությամբ այրվել է բժշկական կենտրոնի փոխնտօրենի ավտոմեքենան: Դեպքը տեղի է ունեցել, երբ Հովիկ Ավետիսյանը մեքենան դուրս էր բերում ավտոտնակից: Բժիշկն ահազանգել է ԱԻՆ, բայց չսպասելով փրկարարներին, գնացել է հիվանդանոց՝ շտապ վիրահատության: Թե որն է եղել հրդեհի պատճառը, դեռ պարզ չէ:
Կապանում այսօր կողաշրջվել է ծառերն էտող վերամբարձ կռունկը՝ իր հետ տապալելով 25-30 մետր բարձրությամբ բարդին: Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել: Նախնական տվյալով՝ կռունկի կողաշրջման պատճառը եղել է ծանր բեռը:
Ամերիկյան Բոստոն քաղաքում մեկնարկած գեղասահքի աշխարհի առաջնության առաջին օրը հաջող չէր Հայաստանի համար: Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ պարային զույգը կարճ ծրագրում գրավել է 27-րդ տեղը եւ լքել է պայքարը: Տղամարդկանց մենասահքում էլ Սլավիկ Հայրապետյանն է անհաջող ելույթ ունեցել՝ 30 մասնակիցների մեջ նա վերջինն էր: Հայաստանի հավաքականի ամբողջ հույսը Անաստասիա Գալուստյանն է, նա հանդես կգա մարտի 31-ին:
Դոլարի անկումը շարունակվում է: Այսօր այն կազմել է 480 դրամ: Նվազել է նաեւ բրիտանական ֆունտի փոխարժեքը՝ 691դրամ: Եվրոն եւ ռուբլին աճել են՝ համապատասխանաբար՝ 546 դրամ եւ 7.14 դրամ:
Հայաստանի տարածքում, նաև մայրաքաղաքում ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս գիշեր մայրաքաղաքում կդիտվի 0-2, իսկ վաղը ցերեկը՝ +14+16 աստիճան տաքություն։











