Մայիսի 19-ին կործանվել է Փարիզից Կահիրե չվերթ կատարող EgyptAir ավիաընկերության  Ա320 օդանավը: Եգիպտական ափից մոտ 280 կիլոմետր հեռավորության վրա օդանավն անհետացել է ռադարների էկրաններից: Օդանավում եղել է 66 մարդ, որից 56՝ը ուղեւորներ, հիմնականում՝ Ֆրանիսայի, Եգիպտոսի քաղաքացիներ: Կահիրեն հայտարարել է, որ կատարվածն ավելի շատ ահաբեկչական գործողության է նման, քան տեխնիկական անսարքության:  Միջերկրական ծովում որոնողական աշխատանքների արդյունքում գտել են օդանավի բեկորները:

Վաղը Հայաստան կժամանի Դմիտրի Մեդվեդևը: Ռուսաստանի վարչապետը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: ԵՏՄ անդամ պետությունների վարչապետերին կընդունի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Մոդուս վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը կարծում է, որ հունիսի 18-ից հետո Ադրբեջանը պատերազմ կսկսի, բայց ոչ լայնամասշտաբ, այլ՝ եռօրյա կամ քառօրյա: Վերլուծաբանը կարծում է՝ լայնամասշտաբ պատերազմի Ալիեւը չի գնա, քանի որ ադրբեջանական կողմը տեղյակ է հայկական հրթիռների մասին: Պապյանի կարծիքով՝ Ռուսաստանին նույնպես ձեռնտու է պատերազմը:

Շփման գծում այսօր ամենահանգիստ օրն է ապրիլյան պատերազմից ի վեր՝ ասել է Սեյրան Օհանյանը: Պաշտպանության նախարարը վստահեցրել է, որ տեղյակ չէ Մանվել Գրիգորյանի  վերաբերյալ Վահան Բադասյանի հայտարարությունից, որում մարտական խաչի ասպետը կոչ է անում հետ բերել առաջանագծից Մանվել Գրիգորյանին, որը նրա խոսքով՝ հայհոյել ու սպառնացել է իր մեքենայի ճանապարհին կանգնած զինծառայողներին: Այնուամենայնիվ, նախարարը գովեստի խոսքեր շռայլեց գեներալ Մանվելի հասցեին:

Նախորդ շաբաթ վարչապետի հայտարարած բյուջեի խնայողության հանձնարարականներնով արդեն նորություններ կան: Սկսել են ավտոմեքենաները կրճատելուց: Դավիթ Հարությունյանն այսօր հայտարարել է, թե որ գերատեսչությունում քանի մեքենա են կրճատելու:

41 ծառայողական մեքենա կրճատվելու է Սոցիալական ապահովության նախարարությունում: Արտեմ Ասատրյանը լրագրողներին վստահեցրել է՝ դրանից իրենց աշխատանքի արդյունավետությունը չի տուժի: Լրագրողների մոտ բնական հարց է առաջացել:

Առողջապահության նախարարությունում կկրճատվի 74 ծառայողական մեքենա: Արմեն Մուրադյանի խոսքով՝ դրանք նաեւ 80-ականների հին մեքենաներն են, որոնք աշխատում են մարզերում: Սա նույնպես հարց է առաջացրել:

Կենտրոնական բանկի  նախագահ Արթուր Ջավադյանը խորհրդարանում ներկայացրել է ԿԲ դրամավարկային քաղաքականության 2016թ. ծրագիրը և 2015թ. հաշվետվությունը: Ջավադյանը տեղեկացրել է, որ 2015թ. վերջին եռամսյակում Հայաստանում թեև աննշան, բայց աճել են վարկավորման ծավալները՝ չնայած Ռուսաստանի տնտեսության դժվարություններին: Նրա խոսքով՝ վարկավորումը չի նվազել Կենտրոնական Բանկի խթանող քաղաքականության շնորհիվ: Մեկ տարվա ընթացքում վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել  է 1,75 տոկոսային կետով, որպեսզի տնտեսական անբարենպաստ պայմաններում վարկավորումը հեշտանա:

500 հազար դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել «Անալիտիկ» կայքի տնօրենի օգնական Վարդիթեր Գիշյանին, որը նույնպես մեղադրվում է շորթման մեջ: Կայքի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանը շարունակում է մնալ կալանքի տակ:  Երկուսն էլ մեղադրվում են Տիգրան Ուրիխանյանից գումար շորթելու մեջ՝ պատգամավորի ու նրա ընտանիքի մասին իրենց կայքում ապատեղեկատվություն չհրապարակելու համար:

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստին միջադեպ է տեղի ունեցել:  Իրեղեն ապացույցների ուսումնասիրության ժամանակացույց են տվել սպանված կուրսանտի մահճակալի արյունոտ սավանը, ինչից Հայկազի տատիկը հուզվել է: Դատարանը հինգ րոպե ընդմիջում է հայտարարեց, որի ժամանակ դատարանի բակում տատիկը կշտամբել է փաստաբաններին՝ ամբաստանյալների շահերը պաշտպանելու համար: Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Հայկազ Բարսեղյանին զորամասի ննջարանում ծեծելով սպանել են նրա չորս համակուրսեցիները, ապա կախել նրա մարմինը մարզահրապարակի պտտաձողից, եւ նրա անունից գրություն թողել, իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում:

Այս գիշեր  Լոռու մարզի Ալավերդի քաղաքում կրակոցներ են հնչել. մեկ մարդ զոհվել է, մեկն էլ վիրավորվել: Վիրավորվածաը՝ Էդվարդ Պողոսյանը, Երեւանի բնակիչ է, նրա վիճակը միջին ծանրության է: Սպանվածը Ալավերդիի բնակիչ, 41-ամյա Վարդան Ավագյանն էր: Դեպքի հանգամանքները պարզվում են:

Նոր զարգացումներ՝  Գյումրիի «Դղյակ» սուպերմարկետի սեփականատեր Գուրգեն Ավետիսյանի սպանության գործով: Ոստիկանությունը սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալել է Արա Մովսիսյանին, որը նախկին պաշտոնյայի որդի է, եւ ազատ արձակել սպանվածի մտերին ընկեր Արմեն Փափազյանին, որը ավելի վաղ խոստովանական ցուցմունք էր տվել: Սպանության շարժառիթը դեռ հայտնի չէ: Պարզ է միայն, որ սպանվածի եւ կասկածյալի միջեւ վիճաբանություն էր եղել քաղաքի ռեստորաններից մեկում: Հայտնի չէ նաեւ, թե ինչ հանգամանքներում է Փափազյանը խոստովանել սպանությունը, որը չի կատարել:

Սանկտ Պետերբուրգում այսպես կոչված ամոթանքի երթ է տեղի ունեցել: 11 մարմնավաճառներ ու նրանց հաճախորդները ստիպված են եղել ամբողջովին մերկ դուրս գալ ու քայլել փողոցով: Ոստիկանները ստուգում են կազմակերպել  հասարակաց տներից մեկում, եւ բերման ենթարկել այնտեղ աշխատող բոլոր կանանց ու նրանց հաճախորդներին, իսկ մարմնավաճառներին ստիպել են ամբողջովին մերկ քայլել փողոցով:

Դորտմունդի «Բորուսիան» վերջապես կողմնորոշվել է, թե որքան գումարի դիմաց է պատրաստ բաժանվել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանից, որը հրաժարվում է երկարաձգել գործող պայմանագիրը: Գերմանական ակումբը 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո: Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են Լոնդոնի «Չելսին» ու «Արսենալը» եւ Թուրինի «Յուվենտուսը»: Մխիթարյանի եւ «Բորուսիայի» միջեւ գործող պայմանագիրն ավարտվում է 2017-ի ամռանը:

ԱՄՆ դոլարն ու ֆունտը թանկացել են, եվրոն ու ռուբլին՝ էժանացել: Դոլարի փոխարժեքը կազմել է 478, եվրոյինը՝ 536, ֆունտինը՝ 699,  ռուբլունը՝ 7.19 դրամ:

Երեւանում մայիսի 20-ին հնարավոր է ամպրոպ և թեթև անձրեւ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կհասնի +15-ի, իսկ վաղը ցերեկը՝ +27–ի: