Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Հայաստանում է: «Զվարթնոց» օդանավակայանում Սրբազան Քահանայապետին դիմավորել են նախագահ Սերժ Սարգսյանն իր տիկնոջ հետ եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Պապին դիմավորելու համար օդանավակայան էին գնացել տարբեր երկրներից Հայաստան ժամանած հավատացյալներ: Ավելի հաջողակները հնարավորություն ունեցան մոտենալու Հռոմի պապին, սեղմելու ու համբուրելու նրա ձեռքը:

Օդանավակայանից Հռոմի պապը ուղեւորվել է Էջմիածին: Հատկանշական է, որ Քահանայապետը տեղաշարժվում էր «Ռենո Լոգան» մակնիշի սպիտակ մեքենայով: Էջմիածնում առավոտից մեծ բազմություն էր հավաքվել՝ Պապին դիմավորելու համար:

 Մայր Տաճարում երկու եղեկեցիների առաջնորդների մասնակցությամբ տեղի է ունեցել Հրաշափառի Բարիգալստյան արարողություն:

 Էջմիածնից Հռոոմի պապը ուղեւորվել է նախագահական նստավայր: Սերժ Սարգսյանը Հռոմի Պապին նվիրել է Հայաստանի տաղանդավոր վարպետների կողմից հատուկ նրա այցի պատվին պատրաստված հուշանվերները, նաեւ Կենտրոնական բանկի կողմից նրա այցի կապակցությամբ պատրաստված հուշամեդալը:  Հուշամեդալի դիմերեսին Խոր Վիրապի վանքն է՝ Արարատ լեռան ֆոնին եւ Ֆրանցիսկոս Պապի այցի թվագրումը: Դարձերեսին Սուրբ Գրիգոր Լուսավորչի արձանն է՝ Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարի արտաքին որմնախորշում:

 Արարողությունից հետո Սերժ Սարգսյանը եւ Հռոմի պապը հանդես են եկել ելույթներով: Հայաստանի նախագահը նշել է՝ նախորդ տարի Վատիկանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշակատին Հռոմի պապի մատուցած պատարագից հետո Ցեղասպանության ճանաչման գործընթացն աշխարհում նոր թափ ստացավ: Չնայած ծանր անցյալին՝ այսօր էլ Հայաստանը ձգտում է միայն խաղաղության:  

Հռոմի Պապն իր ելույթը սկսեց Եղիշե Չարենց մեջբերելով:

 Չնայած անցած տարվա Վատիկանի պատարագից հետո հնչող շահարկումներին եւ Թուրքիայի կողմից ճնշումներ գործադրելու փորձերին՝ նա վերահաստատեց իր դիրքորոշումը եւ եւս մեկ անգամ, արդեն Հայաստանում 1915թ. իրադարձությունները անվանեց ցեղասպանություն:

 Ուխտագնացություն դեպի առաջին քրիստոնյա երկիր կարգախոսով Հայաստան ժամանած քահանայապետն այսպիսով ամփոփեց իր ուխտագնացության առաջին օրը Հաաստանում: Վաղը նա կմեկնի Գյումրի, որտեղ Վարդանանց հրապարակում կմատուցի սուրբ պատարագ:

 Մեծ Բրիտանիան պատմական ընտրություն կատարեց՝ համաժողովրդական հանրաքվեում քվեարկելով Եվրամիությունից դուրս գալու օգտին: Նվազագույն՝ 3 տոկոսի առավելությամբ հաղթեց Եվրոպական ընտանիքը լքելու նախաձեռնությունը: Արդյունքների հրապարակումից անմիջապես հետո վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հայտարարեց, որ հրաժարական է տալիս:   Աշխարհն արդեն սկսել է խոսել այն մասին, որ սա կարող է շղթայական ռեակցիա առաջացնել՝ հանգեցնելով Եվրամիության փլուզման: Եվրամիության երկրների առաջնորդները ափսոսանք են հայտնել բրիտանացիների ընտրության առնչությամբ, եւ խոստացել են անել ամեն ինչ, որպեսզի դա ազդեցություն չունենա Եվրամիության ճակատագրի վրա: Հանրաքվեից հետո Մեծ Բրիտանիայի կազմում գտնվող Հյուսիսային Իռլանդիայում եւ Շոտլանդիայում ազգայնականները սկսել են նորից խոսել Մեծ Բրիտանիայից անկախություն ձեռք բերելու մասին:

Կրթության եւ գիտության նախկին նախարար Արմեն  Աշոտյանը Բելգիայում հարձակման է ենթարկվել: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: Աշոտյանը գրել է, որ Լյուվեն քաղաքում գտնվելու վերջին գիշերը հյուրանոցի մուտքի մոտ ենթարկվել է հարձակման, Բելգիայի ոստիկանությունը ընթացք է տվել գործին:

Քաղաքացիական ակտիվիստ Արտակ Գեւորգյանը, որը դատարանում էր հայտնվել  ստվարաթղթե տանկով ԱԱԾ շենքին հարվածելու համար, արդարացվել է: Նշենք, որ մինչեւ այդ դատախազը հրաժարվել էր մեղադրանքից` նշելով, որ արարքում բացակայում է հանցակազմը: Բացի դրանից՝ ԱԱԾ-ն գրություն էր ուղարկել դատարան՝ նշելով, որ Գեւորգյան իարարքը իրենց կառույցի աշխատանքը չի խաթարել:

Երեւանում 49-ամյա տղամարդու արնաշաղախ դի է հայտնաբերվել՝ գլխի մասում բազմաթիվ հարվածի հետքերով:  49-ամյա Արսեն Պողոսյանի մարմինը գտել են գիշերը  Սուրբ Սարգիս եկեղեցուն հարակից ձորակում՝ Զանգվի ափի մոտ՝ գլխի շրջանում բազմաթիվ հարվածների  հետքերով:  Սպանության մեջ կասկածվող 45-ամյա Լևոն Ստեփանյանը ձերբակալվել է: Արսեն Պողոսյանն ու Լևոն Ստեփանյանը բնակության մշտական վայր չունենալով , ապրում էին Հրազդանի կիրճում, նախօրեին երեկոյան նրանք անձնական պատճառներով սկսել են վիճել, ինչը վեր է ածվել ծեծկռտուքի և ավարտվել Պողոսյանի սպանությամբ:

Բրիտանական ֆունտը կտրուկ արժեզրկվել է, աննշան նվազել են նաև դոլարի եւ եվրոյի փոխարժեքները , իսկ ռուբլունը՝ աճել է: Եվ այսպես դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 476, ռուբլունը՝ 7.28, եվրոյինը՝ 529, ֆունտինը՝ 663 դրամ:

Երեւանում հունիսի 25-ին` օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատեւ անձրեւ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կհասնի +20-ի, իսկ վաղը ցերեկը՝ +33-ի: