Ֆոտոխմբագրման հայկական PicsArt հավելվածը ԱՄՆ-ում ճանաչվել է iPhone-ի համար լավագույն անվճար քսան հավելվածներից մեկը: Այս մասին տեղեկանում ենք PicsArt-ի ֆեյսբուքյան էջից:
PicsArt-ը ֆոտոխմբագրման հզոր գործիք է, որի միջոցով կարելի է խմբագրել լուսանկարները, տարբեր կոլաժներ ստանալ, իսկ վերջին թարմացումից հետո, արհեստական բանականության տեխնոլոգիայի շնորհիվ հնարավոր է դարձել Magic Effects ֆունկցիայի միջոցով վերլուծել լուսանկարը ու մի քանի վայրկյանում վերածել դրանք արվեստի գործի:
Բացի վերոնշյալ բոլոր թարմացումներից` PicsArt-ը ներկայացրել էր նաեւ Magic Video հավելվածը, որը թույլ է տալիս խմբագրել տեսանյութերը: Հավելվածը բավական արագ է աշխատում հոլովակների հետ ու օգտագործում է արհեստական ինտելեկտ` ցանկացած ֆիլտր օպտիմիզացնելով տվյալ տեսանյութի համար:
PicsArt- ը Forbes-ի կողմից կազմված «2015 թվականի ամենաթեժ ստարտափ»-երի շարքում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: Forbes-ը հայկական արտադրության բջջային հավելվածը գնահատել էր 250 մլն ԱՄՆ դոլար:











