Երեւանցիներն այսօր քաղաքապետ են ընտրում: Առավոտյան ժամը 8-ից Երեւանում 474 ընտրատեղամաս է բացվել:

Նախագահ Սերժ Սարգսյանը քվեարկության է գնացել կնոջ հետ: Ի դեպ՝ այս անգամ նույնպես նախագահի ընտրության ժամանակ տեխնիկական խնդիր է ծագել. սարքը միայն երրորդ փորձից է ճանաչել Սերժ Սարգսյանի մատնահետքը: Նախագահը չի պատասխանել ընտրախախտումների մասին լրագրողների հարցին, միայն ասել է, թե հանուն ինչի է քվեարկել:

Կարեն Կարապետյանը նույնպես քվեարկության էր գնացել կնոջ ուղեկցությամբ: Լրագրողները վարչապետին հարցրել են ընտրությունների որակի, օրեր առաջ «Ելք» դաշինքի հայտարարած ընտրախախտումների եւ հրապարակած փաստերի մասին: Կարեն Կարապետյանը նաեւ Երեւանի ապագայի մասին իր տեսլականն ունի:

Պաշտպանության նախարարին ընտրելիս դուստրերից մեկն օգնել է քվեաթերթիկը քվեատուփի մեջ գցել: Վիգեն Սարգսյանը տեղամաս էր եկել կնոջ ու երեխաների հետ: Նախարարը կարծում է, որ Երեւանը գեղեցիկ, ապրելու համար հաճելի քաղաք է:

Քվեարկության ընտանիքի անդամների հետ էր եկել նաեւ Հանրապետական կոուսակցությունից քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը: Լրագրողները նրան հարցրել են իր նախընտրական շտաբերից մեկից դուրս բերված ընտրակաշառքի տվյալներով փաստաթղթերի մասին: Դրանում, հիշեցնենք, նաեւ ՊՊԾ գնդի աշխատակիցների անուններ կային: Մարգարյանն ասել է, որ դրանք իրենց հետ կապ չունեն, իրավապահները զբաղվում են հարցով:

Նիկոլ Փաշինյանն էլ քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում ասել է, որ չնայած իրենց հայտնաբերած ընտրակաշառքի փաստերին, ընտրությունների ցանկացած արդյունքի դեպքում «Ելք» դաշինքը չի հրաժարվելու ավագանիում իրենց ստացած մանդատներից:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունից քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը քվեարկության է շտապել ընտրատեղամասը բացվելուն պես: Ընտրության է գնացել մարտական տրամադրությամբ: Քաղաքացիներին էլ հորդորում է ընտրության գնալիս չենթարկվել որեւէ ճնշման:

Հիշեցնենք, որ ընտրություններին մասնակցության հայտ էր ներկայացրել երեք քաղաքական ուժ՝ Հայաստանի Հանրապետական եւ «Երկիր Ծիրանի» կուսակցություններն ու «Ելք» դաշինքը: Քանի որ ընտրություններին երեք ուժ է մասնակցում, անցողիկ շեմ այս դեպքում չի գործում. ավագանիում ներկայացուցիչներ կլինեն երեք ուժերից էլ:

Ավագանու անդամների թիվը 65 է: Քաղաքական ուժերի ցուցակները գլխավորողները համարվում են քաղաքապետի թեկնածուներ: Ըստ այդմ, ՀՀԿ-ի հաղթելու դեպքում Երեւանի քաղաքապետ կդառնա Տարոն Մարգարյանը, «Երկիր Ծիրանիի» հաղթանակի դեպքում՝ Զարուհի Փոստանջյանը, «Ելք» դաշինքի հաղթանակի դեպքում՝ Նիկոլ Փաշինյանը: