Ծխախոտի թանկացմամբ ծխելու դեմ պայքարը արդյունավետ չէ, դա որեւէ օգուտ չի տա: Այս մասին, այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է նախկին ոստիկանապետ, այժմ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը:
Ալիկ Սարգսյանին լրագրողները հարցերն ուղղեցին հենց ծխելու պահին, ինչի կապակցությամբ ասաց, որ մոլի ծխող չէ եւ կարող է հանգիստ հրաժարվել այդ սովորույթից. «Ծխելու նկատմամբ մոտեցումը պետք է փոխվի, այլապես հնարավոր չէ: Ես այդպես ծխող չեմ, ուղղակի սուրճի հետ հաճույք եմ ստանում: Հիմա առաջին սիգարետն եմ ծխում, հաջորդը կծխեմ երեւի 3 ժամ անց»:
Ալիկ Սարգսյանն ասաց, որ եթե ծխելու դեմ օրինագիծ բերվի խորհրդարն, ինքը կողմ կքվեարկի:
Հարցին, թե որն է ծխելու դեմ արդյունավետ պայքարը, նա պատասխանեց. «Կարծում եմ՝ ուրիշ լուծում չկա: Ծխելու դեմ պետք է արհեստածին խոչընդոտներ ստեղծվեն։ Պետք է մարդկանց համար ծխելու պայմանները քիչ լինեն: Օրինակ Եվրոպայում, Ամերիկայում ծխելու մեջ նսեմացուցիչ ինչ-որ բան կա: Ես էլ անհարմար եմ զգում ծխելուց, դրա մեջ ոչ մի լավ բան չկա, երեխաներ ներկայությամբ անհարմար եմ զգում ծխել, սովորություն է, որը շուտով կթողնեմ: Արդեն այնպիսի վիճակ են ստեղծել, որ ծխելն ամոթ է, պատվաբեր չէ»:











