Կատարի շուրջ զարգացումները միջազգային հանրության ուշադրությունը սևեռել են այս տարածաշրջանի վրա: Հնարավոր զարգացումների շուրջ մտահոգությունը ավելի են մեծացնում Իրանում այսօր տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները: Որքանո ՞ վ են իրականությանը համապատասխանում Կատարի դեմ հնչող մեղադրանքները, և որո ՞ նք են Կատարի դեմ արաբական երկրների բոյկոտի իրական շարժառիթները: Այս մասին NEWS.am-ը զրուցել է արաբագետ Սարգիս Գրիգորյանի հետ:
Ութ պետություններ՝ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Լիբիան, Բահրեյնը, Եգիպտոսը, Մալդիվյան Հանրապետությունը, Մավրիկիոսը եւ Մավրիտանիան մեկը մյուսի հետեւից հայտարարեցին, որ խզում են հարաբերությունները Կատարի հետ, այնուհետեւ փակեցին իրենց օդային սահմանը Կատարի ինքնաթիռների համար եւ արգելեցին կատարական Ալ Ջազիրա հեռուստատեսության հեռարձակումը: Ձեր կարծիքով՝ ինչո՞վ է այս ամենը պայմանավորված, եւ ի՞նչ հետեւանքների այն կհանգեցնի:
Ինչպես նշյալ պետություններն են պատճառաբանում, Կատարի Էմիրը հայտարարել էր, որ պետք է բարելավել հարաբերությունները շիական Իրանի հետ, իսկ շիադավան Իրանը Պարսից ծոցի արաբական միապետությունների հակառակորդն է տարածաշրջանում, եւ Կատարի ղեկավարի նման միտքը հակասում է Պարսից ծոցի արաբական միապետությունների միացյալ քաղաքականությանն ընդդեմ Իրանի: Հաջորդ պատճառաբանությունն այն է, որ Կատարը շարունակաբար աջակցում է այն իսլամական ծայրահեղ արմատական կառույցներին, որոնք դիտարկվում են որպես թշնամական, ահաբեկչական, կենտրոնախույս հիշյալ երկրների կողմից: Սակայն, իմ կարծիքով, պատճառներն ավելի խորքային են: Նախ պետք է նշել, որ իրավիճակի նման սրում նախկինում եւս եղել է: Վերջինը 2014թ-ին էր, երբ Եգիպտոսում իշխանության էր գալիս Մոհամմեդ Մուրսին, եւ Կատարն ակնհայտորեն աջակցեց «Մուսուլման եղբայրներ» կառույցին եւ նրա առաջնորդ Մոհամմեդ Մուրսիին, որը հետագայում դարձավ նախագահ, եւ այս քաղաքականությանը դեմ էին Պարսից ծոցի այլ պետությունները, օրինակ՝ Սաուդյան Արաբիան, որը կարծում էր, որ «Մուսուլման եղբայրներն» ահաբեկչական կառույց է, եւ նրանց պետք չէ աջակցել: Եվ այդ ժամանակ էր, երբ Սաուդյան Արաբիան եւ Բահրեյնը հետ կանչեցին իրենց դեսպաններին Դոհայից: Բայց մի քանի ամիս անց հարաբերությունները կրկին հարթվեցին:
Ինչ վերաբերում է այսօր հնչող մեղադրանքներին, ըստ իս, դրանք ավելի շատ արհեստական են, որովհետեւ չմոռանանք, որ Սաուդյան Արաբիան շարունակում է աջակցել ծայրահեղ արմատական իսլամական ուժերին, եւ միայն Կատարը չէ այս հարցում աչքի ընկնում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տարածաշրջան այցից հետո ակնհայտ դարձավ, որ ԱՄՆ-ն ավելի հստակ քայլերով է վերադառնում Մերձավոր Արեւելք, եւ պատահական չէ, որ Թրամփի այցն սկսվեց Սաուդյան Արաբիայից սկսվեց. այստեղ հստակ ուրվագծվում էր ԱՄՆ-ի այն տեսլականը, որ ԱՄՆ-ն իր գլխավոր դաշնակից Սաուդյան Արաբիայի շուրջ ձեւավորում է հակաահաբեկչական հարթակ, որը պետք է պայքարի ԻՊ-ի եւ «Ալ Քաիդայի» դեմ: Հստակ էր, որ Սաուդյան Արաբիան ընտրվում է որպես առանցք, եւ ակնհայտ է, որ այս վերջին զարգացումներով Սաուդյան Արաբիան փորձ է անում ստվերել կամ չեզոքացնել այն պետություններին, որոնք երկմտել են միանալ այդ հակաահաբեկչական առանցքին: Ես գտնում եմ, որ այստեղ Սաուդյան Արաբիայի հետքն է, այն փորձում է թուլացնել եւ չեզոքացնել Կատար պետությունը, իսկ Կատարը արաբական առանցքային երկրներից մեկն է: Կատարը մեկ շնչի ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով առաջինն է աշխարհում, երրորդը՝ գազի պաշարներով, ինչը նրան հնարավորություն է տալիս օգտագործել այդ ամենն իր քաղաքականությունը իրականացնելու համար, ընդ որում՝ ոչ միայն Մերձավոր Արեւելքում: Այդ պատճառով Սաուդյան Արաբիան փորձում է տարածաշրջանում չեզոքացնել իր հակառակորդներին եւ ցույց տալ, որն ինքն է առաջատարը, եւ ինքն է թելադրելու խաղի կանոնները:
Լինելով նման հզոր տնտեսությամբ պետություն, Կատարը որքանո՞վ կկարողանա դիմակայել այս երկրների նման աննախադեպ ճնշմանը, եւ որքանո՞վ Կատարի կառավարող Էմիրը կկարողանա պահպանել իր գահը:
Կատարի վերնախավում կան իշխանության համար պայքարող տարբեր թեւեր: Արքայական ընտանիքում հակասություններ կան: Ներկայիս Էմիրը խաղաղ պայմաններում եկավ իշխանության 2013թ.՝ հորից ստանալով իշխանությունը, եւ, իհարկե, այստեղ կան հակասություններ: Այս փուլում կարծում եմ, որ Կատարն ի վիճակի է դիմակայել նման մարտահրավերներին, չնայած արդեն նկատելի են որոշակի մեսիջներ Դոհայից՝ էլ ավելի չսրելու այս հակասությունները եւ այս իրավիճակը տանելու դեպի բարելավում: Բացի այդ կան արաբական երկրներ, որոնք չեն միացել այս արշավին: Օրինակ, Քուվեյթը փորձում է միջնորդի դեր խաղալ եւ կարգավորել հակասությունները: Կարծում եմ, որ շուտով ամեն ինչ կհարթվի:
Ուզում եք ասել, որ մեղադրանքները, որ այս ութ պետությունները հնչեցրել են Կատարի հասցեին, առ այն, որ այդ երկիրը կապ ունի եւ հովանավորում է ծայրահեղական կառույցներին եւ խմբավորումներին, հիմնավորվա՞ծ են, եւ այս արշավը Կատարի դեմ սադրանքի հետեւանք չէ՞:
Անխոս, սադրանք չէ, որովհետեւ Կատարը ժամանակին բացահայտ աջակցում էր «Մուսուլման եղբայրներին»: «Մուսուլման եղբայրները» արմատական իսլամական կառույց է, որին տարբեր երկրներ տարբեր բնորոշումներ են տալիս: Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան այն համարում են ահաբեկչական, բայց «Մուսուլման եղբայրների» որոշ գործիչներ գտնվում են Կատարում եւ կարծես ուղղորդվում են նաեւ Կատարի իշխանությունների կողմից: «Թալիբանը», ՀԱՄԱՍ-ը ներկայացուցչություններ ունեն Կատարում: Սա Կատարը չի էլ թաքցրել, իսկ ինչ վերաբերում է «Ալ Քաիդային», կամ ԻՊ-ին, այստեղ ես տեսնում եմ արհեստածին տարրեր: «Ալ Քաիդան», կամ ԻՊ-ը, 2013թ. սիրիական հակամարտության ժամանակ ֆինանսավորվել են որպես ընդդիմադիր ճամբարների ներկայացուցիչներ, իսկ երբ հակամարտությունը սրվեց, եւ ԻՊ-ն դարձավ այնպիսին, ինչպիսին մենք այսօր տեսնում ենք, ֆինանսավորումը դադադրեցվեց Կատարի, Թուրքիայի եւ Սաուդյան Արաբիայի կողմից, եւ իմ կարծիքով, այս երկրները ԻՊ-ին այլեւս չեն աջակցում: Բայց չմոռանանք, որ Սաուդյան Արաբիան շարունակում է ֆինանսավորել իսլամական արմատական կառույցներին նույն սիրիական հակամարտությունում եւ դա չի թաքցնում: Այնպես, որ կան արմատական կառույցներ, որոնց Կատարը շարունակում է ֆինանսավորել, բայց կան կառույցներ, որոնց նախկինում աջակցել է, բայց հիմա այլեւս չի աջակցում:
Ստեղծված իրավիճակը արդյոք միայն ա՞յս երկրների ներքին քաղաքականության եւ շահերի բախման արդյունքն է: Չե՞ք կարծում, որ այստեղ նաեւ ներգրավված են գերտերություններ եւ, եւ եթե այո, ապա հնարավո՞ր է, որ Կատարը վերածվի գերտերությունների բախման թատերաբեմի:
Սա կարելի է դիտարկել որպես համընդհանուր շղթա: Պատճառները կարելի է դիտարկել ինչպես գլոբալ, այնպես էլ տարածաշրջանային հարթություններում:
Ինչպես նշեցի, ԱՄՆ-ը վերադառնում է տարածաշրջան, որը նման է եռացող կաթսայի, որում բախվում են տարբեր շահեր եւ տարբեր երկրներ: ԱՄՆ-ը փորձում է տարածաշրջանը ավելի վերահսկելի դարձնել՝ վերադառնալով այնտեղ, հավաքելով դաշնակիցներ եւ չեզոքացնելով այն ուժերին, որոնք իր համար անցանկալի են: Եվ Կատարը որպես արաբական առանցքային երկիր իր պրո-իրանական շեշտադրումներով կարծես դուրս է մնում այս ծրագրերից եւ խանգարում է այդ քաղաքականությանը: Կատարը տարածաշրջանում բավական ակտիվ է, ակտիվ ներքաշված է իրաքյան եւ սիրիական հակամարտություններում եւ իր ակտիվությամբ խանգարում է որոշ ուժերի: Իսկ ներքին հարթության վրա, օրինակ, Սաուդյան Արաբիայում եւ Կատարում տեսնում ենք, որ տեղի է ունենում սերնդափոխություն, եկել են երիտասարդներ՝ Սաուդյան Արաբիայում՝ արքայազն Մոհամմադ բին Սալմանը եւ Կատարի Էմիրը, որոնք փորձում են փոփոխություններ մտցնել այն ավանդական քաղաքականության մեջ, որ ժամանակին վարում էին: Եվ, իհարկե, այս ամենը կարելի է բացատրել ներքին հակասություններով, որ նկատվում են երկու երկրներում էլ, այսինքն՝ փորձ է արվում ամրապնդել սեփական դիրքերը: Եվ այս կոմպլեքս խնդիրը մենք տեսնում ենք նման հակասական դրսեւորումներով:
Հայաստանի եւ Կատարի հարաբերությունները ի՞նչ փուլում են: Վերջերս Սերժ Սարգսյանը այցելել էր Կատար, եւ որոշ համաձայնագրեր էին ստորագրվել երկու պետությունների միջեւ: Որքանո՞վ այս արշավը Կատարի դեմ կարող է անդրադառնալ հայ-կատարական հարաբերությունների վրա:
Ես կարծում եմ, եթե արագ այս ամենը հանգուցալուծվի մենք այստեղ ունենք հեռանկարային լուրջ պոտենցիալ, ոչ միայն ապրանքաշրջանառության առումով: Մենք Կատարում ունենք համայնք: Կատարը որպես հզոր արաբական պետություն կարելի է օգտագործել՝ մեր համայքների գոյությունը Մերձավոր Արեւելքում հնարավորինս անցնցում դարձնելու, նաեւ մեզ համար տարածաշրջանը կանխատեսելի դարձնելու նպատակով:











