Մարիանա Միրզոյանը՝ Բաքվում ձերբակալված հայկական ծագում ունեցող Ռուսաստանի քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալուստյանի քույրը, Facebook-ի իր էջում հրապարակել է եղբոր հետ հեռախոսազրույցը։ 

«Հունիսի 6-ին ես հերթական անգամ հեռախոսազրույց ունեցա եղբորս հետ։ Մարատի հետ խոսելուց հետո ես զանգահարեցի Բաքվում Ռուսաստանի դեսպանատուն եւ ցանկացա խոսել հյուպատոսական բաժնի ղեկավար Օլգա Յուրեւնայի հետ եւ իմանալ, թե երբ են նրանք պատրաստվում տեսակցել նրան, քանի որ Մարատը շատ է դրան սպասում։ Ինձ պատասխանեցին, որ նա արձակուրդում է գտնվում եւ առաջարկեցին վաղը զանգահարել։ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատունն առանձնապես չի շտապում օգնել իր քաղաքացուն։ Դեսպանատան աշխատակիցները նույնիսկ չարձագանքեցին իմ հաղորդմանը, որ Մարատին մեկուսարանում ծեծի են ենթարկել եւ ստիպել տարբեր փաստաթղթեր ստորագրել», - գրել է Մարիանա Միրզոյանը։

Հեռախոսազրույցում Մարատը խոսում է հնարավոր ավարտի եւ հարազատներին հրաժեշտ տալու ցանկության մասին։ «Ամեն ինչ անօգուտ է։ Նրանք իրենց ուզածին կհասնեն։ Ես ուժ չունեմ։ Ես հասկանում եմ, որ դա անհույս է»,-ասել է Մարատ Ուելդանովը՝ հավելելով, որ իրեն մեկուսարանում են պահում եւ ամեն ինչ կարող է տեղի ունենալ։Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին Մարատ Ուելդանով-Գալուստյանը Բաքվում դատապարտվել է 8 տարվա ազատազրկման։

Ուելդանով-Գալուստյանը Do&Co ավստրիական ընկերության աշխատակիցը, որը զբաղվում է արտերկրերում սննդի կազմակերպումով ու Բաքվում գործուղման մեջ էր գտնվում։ Ավստրիական Do&Co-ն 2016-ի հունիսի 6-ին նրան գործուղել էր Formula-1-ին Բաքու, որտեղ ժամանելուց հետո նա այլես կապ չի հաստատել։ Նրան մեղադրում են թմրադեղերի, հոգեմետ նյութերի ապօրինի պատրաստման, ձեռքբերման կամ իրացման մեջ։

Լրատվամիջոցների տվյալներով՝ Ադրբեջանում ՌԴ դեսպանատունը կալանավորվածի ազգականներին առաջարկել են ըմբռնումով վերաբերել այդ երկրի յուրահատկությանը, որտեղ «հայկական ծագումը չափազանց բարդացնում է նրա պաշտպանությունը»։