Ընտրական գործընթացների ավարտից հետո Սամվել Բաբայանին առաջադրված մեղադրանքները մեղմացվեցին: Այս մասին այսօր՝ հունիսի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ Սամվել Բաբայանը քաղբանտարկյալ է:
«Ես հիմք չունեմ Սամվել Բաբայանին քաղբանտարկյալ չհամարելու։ Երկորդ անմեղության կանխավարկածն աշխատում է իր նկատմամբ, երրորդը՝ շատ հետաքրքիր է, որ ընտրական գործընթացների ավարտից հետո արդեն բոլոր դեպքերում մեղմացրել են նրա մեղադրանքը։ Երկրորդական, երրորդական հղումներ գտել են եւ նահանջել են։ Ես չգիտեմ՝ դա ըստ ծրագրի է, թե ոչ։ Ես շարունակում եմ պնդել, որ քաղաքական պատճառներով եւ քաղաքական թայմինգի՝ ժամանակի ընտրությունը եւս քաղաքական էր»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ «Իգլայի» գործով կալանավորված Սամվել Բաբայանի մեղադրանքը նախաքննության ավարատին մեղմացվեց, այնուհետեւ նրան նոր մեղադրանք առաջադրվեց՝ ՀՀ ՔՕ 190-րդ հոդվածի 1-ին մասով՝ փողերի լվացում, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեք հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով եւ տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով կամ առանց դրա: Այժմ նա մեղադրվում է երկու հոդվածով՝ ՀՀ ՔՕ 235 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով եւ ՀՀ ՔՕ 190-րդ հոդվածի 1-ին մասով:











