Եթե վարչապետ Կարեն Կարապետյանը ճանաչի, որ իշխող Հանրապետական կուսակցությունը ընտրություններում կեղծումների է դիմել, նա մեզ համար ընդունելի կդառնա։ Այս մասին հունիսի 30–ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։

Ի պատասխան այն հարցին՝ արդյոք Սերժ Սարգսյանի երեկվա ելույթի հիման վրա ինքը հավատո՞ւմ է, որ 2018 թվականի ապրիլից հետո Հայաստանի վարչապետը Կարեն Կարապետյանը կմնա, եւ արդյոք նա իր համար ընդունելի՞ է, Հովհաննիսյանը նշեց. «Սարգսյանը պետք է մտածի, թե ինքն ինչու չի վայելում ժողովրդի վստահությունը՝ անկախ այն հանգամանքից, որ այս կամ այն ընտրություններում իր համար տոկոսներ է «խփում» կամ ոչ։ Եվ սա բառախաղ չէ։ Մենք բոլորս գիտենք, թե նա ինչպես է նախագահ դարձել»։

Ընդդիմադիր գործիչը հիշեցրեց, որ Կարեն Կարապետյանը կարճ ժամանակով Երեւանի քաղաքապետն է եղել։ «Բայց այս կարճ ժամանակում նա կարծես չտեղավորվեց քաղաքապետի պաշտոնում, հասկացավ, որ դա իր տեղը չէ եւ արագ Մոսկվա հեռացավ։ Կարեն Կարապետյանը թող ժողովրդին ասի՝ Հայաստանում ինքը բիզնես ունի, թե ոչ, Ծաղկաձորում «Մարիոթ» հյուրանոցը կամ որեւէ այլ բան։ Թող ասի, դրա մեջ ոչ  մի ամոթալի բան չկա։ Դրանից զատ, եթե ասի՝ «ես հասկանում եմ, որ այն կուսակցությունից եմ վարչապետ նշանակվել, որը կեղծումների է դիմել», կարծում եմ, որ Կարեն Կարապետյանը, բացի այն, որ թարմ է, աշխարհի կողմից ընդունված գործիչ, ըստ էության, կդառնա հայ ժողովրդի ներկայացուցիչը»,– ամփոփեց Րաֆֆի Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 29–ին կառավարության հերթական նիստում ներածական խոսքով հանդես է եկել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա հայտարարել է, որ ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանը լիակատար վստահություն է վայելում՝ ինչպես իր կողմից, այնպես էլ ՀՀԿ–ի ամբողջ քաղաքական թիմի։