Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում, հունիսի լույս 27-ի գիշերը ժամը 01.40-ի սահմաններում ավազակային հարձակում է տեղի ունեցել:

Գյուղի տներից մեկի բնակչուհին պատմել է հարձակման մանրամասները. «Ինքդ փեղկի հետեւը կանգնած էր, դուրս գալուց խփեց ինձ: Բռունցքով անընդհատ խփում էր: Տարան ներս, խփում էր, ասում էր՝ ձեն մի հանի, մի գոռա: Ուզում էր ձեռքերս կապի, ես չէի թողնում: Մեկ էլ տեսա, էն երկրորդն էլ տեգորս հարսին բերեց գցեց իմ կողքը: Տեգորս հարսին կապում էին, ինքն էլ ինձ ասեց. «Մորքուր, սուս մնա, ձեն մի հանի, մեզ կսպանեն»: Բայց ես չլսեցի, դիմադրում էի»:

Նրա խոսքով, բացի իրենից տանն են եղել իր ազգականներից մի կին եւ մի տղամարդ: Նրանց վրա եւս հարձակվել են, անգամ տղամարդու թիկունքից ինչ-որ բան են պահել պարանոցին եւ սպառնացել, որ կկրակեն:

Հարձակվողները եղել են երեքով՝ դիմակավորված եւ ձեռնորցներով: Նրանք տղամարդուն ասել են, որ գիտեն՝ տանը խոշոր գումար կա: Նրանք էլ էին դիմադրել եւ այդ ընթացքում տարեց տանտիկինը կարողացել էր փախչել:

«Ես ինձ լուսամուտից դուրս եմ գցել: Պարսպի վրայից եմ թռել, փախել եմ տեգորս տուն: Ամբողջովին արյուն էի: Համ բերանիցս էր արյուն գալիս, համ քթիցս»,- պատմել է կինը:

Օգնության հասած ազգականների գոռոցները լսելով, ավազակները փախել են պատուհանով եւ դռնով:

Իրավախպահները պարզել են, որ չարագործները պատուհանից են ներս մտել, մեկն էլ դրսում սպասել է:

Դեպքից ժամեր անց Արմավիրի մարզի Ծիածան գյուղում ոստիկանները հայտնաբերել են «ֆոքսվագեն» մակնիշի ավտոմեքենան, որով եղել էին հարձակվողները:

Ոստիկանները դարանակալել եւ բռնել են մեքենայի տիրոջը՝ Ծիածան գյուղի բնակիչ Ջանիկ Ի.-ին: Նա եղել է դիմակավորված անձանցից մեկը: Մյուս երկուսը եղել են 35-ամյա Ամիր Մ.-ն եւ Խդր Ա.-ն: Ամիր Մ.-ն բերման են ենթարկել, իսկ 32-ամյա Խդր Ա.-ն լքել է Հայաստանը:

Պարզվել է նաեւ, որ դրսում մեքենայում սպասողը եղել է Հովհաննես Պ.-ն: