ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու խանութից հեռախոսի գողություն կատարած անձի ինքնությունը։
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2017թ. հունիսի 20-ին՝ ժամը 21:40-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երեւան քաղաքի Տիգրան ՄԵծ պողոտայում գործող խանութում գաղտնի հափշտակել է քաղաքացու՝ «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոսը՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:
Նախաքննության ընթացքում ստացվել են խանութի սրահում գործող անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված սեւ հագուստով տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ։
«Խնդրում ենք նշված տղամարդուն ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին»,-ասված է հաղորդագրության մեջ:











