Արագածոտնի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Եզդիաբնակ Շամիրամ գյուղում անհայտ անձը մտել է գերեզմանատան մոտ գտնվող սգո սրահ եւ կրակ բացել այնտեղ գտնվող տղամարդկանց ուղղությամբ: Եզդիների ավանդույթի համաձայն՝ տղամարդիկ եւ կանայք նստած են եղել առանձին սեղանների շուրջ: Ականատես կանայք մեր թղթակցին պատմել են, որ տղամարդն իրենց ուղղությամբ չի կրակել: Ոստիկանության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ տղամարդը կրակել է «Սայգա» տեսակի օրինական գրանցված որսորդական հրացանից:

Միջադեպի հետեւանքով 3 մարդ տեղում զոհվել է, 8-ը՝ վիրավորվել: Տուժածներին հիվանդանոց են տեղափոխել: Ավելի ուշ նրանցից մեկը վիրահատության ժամանակ մահացել է: Մյուս վիրավորները տարբեր ծանրության հրազենային վնասվածքներ ունեն:

Շամիրամի գյուղապետը նշել է սպանվածների անունները. նրանք են Ամո Խուդոյանը,  Զորո Օզմանյանը, Ամրո Օզմանյանը եւ Աղասի  Քալոյանը: Սպանվածներից երկուսը Շամիրամի բնակիչներ են եղել, մյուս երկուսը եկել էին Ռուսաստանի Դաշնությունից: Զորո եւ Ամրո Օզմանյանները հորեղբոր որդիներ էին, նրանց ազգական էր նաեւ Աղասի Քալոյանը։

Մեզ հասած տեղեկություններով՝ սպանության մեջ կասկածվողը միջին տարիքի տղամարդ է, ազգությամբ եզդի։ Վարկած կա, որ սգո սրահում կրակ բացելու դրդապատճառը կենցաղային է եղել. հարձակվողը պարտք ու պահանջ է ունեցել գյուղացիների հետ:

Տղամարդը պարբերաբար արտագնա աշխատանքի է մեկնել Ռուսաստան: Նրա հարազատներն ու ծանոթները պարտք են վերցրել, անընդհատ պահանջել է վերադարձնել, բայց չի ստացել: Արդյունքում այսօր ներխուժել է սգո սրահ, որտեղ, եզդիական ավանդույթի համաձայն գերեզմանի օր է եղել, մարդիկ մասնակցել են «խեր» արարողության, ու կրակել է գյուղացիների ուղղությամբ:

Գյուղի սկզբնամասում հայտնաբերվել է «Նիվա» մակնիշի մեքենա: Ամենայն հավանականությամբ՝ այն պատկանում է կասկածյալին: Մեր տեսախցիկը մեքենայում արձանագրել է փաստաթուղթ, որում պատկերված է միջին տարիքի մի տղամարդ: Կասկածյալին որոնում են: Մեր տեղեկություններով՝ իրավապահներին հայտնի է նրա ինքնությունը։