Ալավերդի քաղաքում, այսօր՝ նոյեմբերի 29-ին տեղի ունեցած սպանության վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դարձել: Ժամը 00:15-ի սահմաններում Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասում տեղի ունեցած միջադեպից հետո սպանվածն ու վիրավորը հիվանդանոց են բերվել պատահական մեքենայով:

Սպանված, 30-ամյա Հայկ Սիրադեղյանը եւ վիրավորված 26-ամյա Արմեն Մակոյանը Սանահինի Սարահարթ թաղամասի հարեւան շենքերի բնակիչներ են:

Հիվանդանոցից NEWS.am-ին հայտնեցին, որ ընդունման պահին Հայկ Սիրադեղյանն արդեն մահացած է եղել պարանոցի շրջանում կտրած-ծակած վերքի պատճառով: Իսկ Ա. Մակոյանի մոտ որովայնի շրջանում կտրած ծակած թափանցիկ վերք է հայտնաբերվել:

Դատական բժիշկը մահացածի մոտ սուր ծակող-կտրող գործիքի 5 հարված է արձանագրրել՝ ձախ ազդրի եւ հետույքային շրջանի, աջ գոտկային շրջանի, աջից կրծքավանդակի հետին մակերեսի եւ վզի շրջանում:

Ալավերդու բժշկական կենտրոնի փոխտնօրեն Սերոբ Նազարեթյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ մահացածի մոտ վնասված է եղել ուղեղը սնուցող զարկերակը. «Անմիջապես քայլեր են ձեռնարկվել ու տուժածին տեղափոխել ենք վիրասրահ»,-ասաց նա:

Մահացածը, վիրավորն ու սպանության մեջ կասկածվողը Սանահին-Սարահարթ թաղամասի ավտոտնակներից մեկում միասին խմել են, որից հետո արդեն վիճաբանություն է սկսվել, որն ավարտվել է ավտոտնակի դիմաց` ողբերգությամբ:

Սպանության մեջ կասկածվող երիտասարդը հայտնաբերվել է Թեղուտ գյուղում: Նա ձերբակալված է: