Կաշառք վերցնելու մեջ մեղադրվող՝ Շենգավիթի դատարանի նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի գործով այսօր` նոյեմբերի 30-ին, մեղադրյալ փաստաբան Էլզա Զաքարյանը հրաժարվեց պատասխանել պաշտպանական կողմի հարցերին, բայց դատարանի եւ մեղադրողի հարցերին պատասխանեց:

Էլզա Զաքարյանը պաշտպանական կողմի բոլոր հարցերին միայն պատասխանում էր. «Հրաժարվում եմ պատասխանել»:

Իշխան Բարսեղյանի շահերի պաշտպաններից Վարդուհի Էլբակյանն այդ դիրքորոշումը որակեց ամբաստանյալի` մեղադրանքի կողմից հանդես գալ. «Դահլիճում գտնվող յուրաքանչյուրին պարզ է Զաքարյանի դիրքորոշումը, դա պարզ էր նաեւ նախաքննության ընթացքում եւ այստեղ ավելի ցայտուն արտահայտվեց: Մեղադրյալն ու մեղադրողը հանդես են գալիս նույն դիրքերում, այսինքն, ամբաստանյալը կարող էր նստած լիներ մեղադրողի տեղում»:

Իսկ ամբաստանյալ Իշխան Բարսեղյանը նշեց. «Մեղադրողն ու ամբաստանյալը ձեն ձենի տված նույն կարծիքին են, շատ հետաքրքիր է: Երկրորդ դատախազը պետք է լիներ եւ կողք կողքի նստած մեղադրանքը պաշտպանեին»:

Մեղադրողի հարցին` Էլզա Զաքարյանը փաստաբան Կիմա Սարյանին որտեղից է ճանաչում, նա պատասխանեց, որ նույն գրասենյակում են աշխատել: Գործով տուժող Նորիկ Հակոբյանի հետ երբ է զրուցել` Էլզա Զաքարյանը պատասխանեց. «Նորիկ Հակոբյանը զանգահարեց ինձ հանդիպումից երկու օր առաջ: Հետո հանդիպեցինք, խնդիրը ներկայացրեց: Ասաց, որ հայցադիմում է ներկայացրել, գիտի որ մերժվելու է: Նորիկը խնդրեց` իմանամ ինչ կարելի է անել: Իշխան Բարսեղյանն ասաց` գործը դժվար է, յուբիլեյնի գործ է: Առաջին խոսակցության ժամանակ կոնկրետ ասաց, որ մերժման ենթակա է, կա վճիռ եւ պետք է վտարվի: հետո Նորիկն ասաց, որ պետք է հանդիպենք, ասացի հարմար չի, կզանգահարեմ պարոն Բարսեղյանին, տեսնեմ ինչ է ասում: Իշխան Բարսեղյանը բավականին երկար ժամանակ ինձ համոզում էր, որ ես անձամբ գումարը վերցնեմ, փոխանցեմ իրեն, բայց ես հրաժարվեցի: Դրանից հետո ասաց, որ փոխանցեմ Նորիկին, որ գա Կինո Հայրենիքի գետնանցումի մոտ»:

Մեղադրողի հարցին` ինչու է միջնորդել կաշառք տալուն եւ վերցնելուն, ամբաստանյալը պատասխանեց. «Սպոնտան բնույթ ա կրել, ներքաշվել եմ այդ ամեն ինչի մեջ, փորձել եմ Նորիկին օգնել, որեւէ շահ չեմ ունեցել»:

Դատարանի` արդյոք Էլզա Զաքարյանն իրեն առաջադրված մեղադրանքում մեղավոր ճանաչում է, նա դրական պատասխան տվեց:

Էլզա Զաքարյանի հարցաքննությունն ավարտվեց:

Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով՝ կաշառք ստանալը: Կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Էլզա Զաքարյանին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կաշառքի միջնորդությունը: Իշխան Բարսեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:Նշենք, որ ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել եւ Երեւանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:

Կաշառք տալու պահը տեսագրվել է եւ տարածվել: