Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ մարտի 7-ին, ԱԺ արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ 64 կողմ, 32 դեմ ձայներով ընդունեց «Հանրաքվեի մասին» օրենքի նախագիծը: Փաստաթղթրին դեմ էին «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցությունների պատգամավորները:
Նախքան քվեարկությունը ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ քանի որ այն սահմանադրական օրենք է, պետք է ընդունվի ԱԺ պատգամավորների թվի առնվազն 3/5-ով (63 ձայն): Քվեարկության ժամանակ կողմ քվեարկեց 61 հոգի:
Նիկոլ Փաշինյանը արձագանքեց, որ 61 կողմ ձայնի դեպքում օրենքը չի ընդունվում, ինչին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն արձագանքեց, որ գործուղման մեջ գտնվող 3 պատգամավոր գրավոր նշել են, որ իրենց կողմ ձայնը հաշվարկվի, հետեւաբար կողմ ձայների թիվը 64 է:
Փաշինյանն ի պատասխան հայտարարեց, որ վերջին շարքում բոլորը կողմ են քվեարկել, սակայն ոչ բոլորն են քվեարկության պահին ներկա եղել. «Աշոտ Արսենյանը ներկա չի եղել, բայց նրա անվան դիմաց գրանցվել է կողմ»:
«Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն էլ նշեց. «Այս մի փոքրիկ դահլիճում դուք կարողանո՞ւմ եք բացառել ընտրակեղծարարությունը: Մի մտածեք, որ լղոզելով անցնելու ա։ Մեզ հիմարի տե՞ղ եք դնում, չեմ հասկանում։ Ապահովեք ձեր պատգամավորների քանակը, չեք կարողանում, մի քվեարկեք»։
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ նկատեց, որ եթե անգամ 63 կողմ ձայն կա, ապա դա արդեն իսկ ձայների 3/5-րդն է եւ որոշումն ընդունվել է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԺ-ում քննարկվող «Հանրաքվեի մասին» օրենքի նախագծով նախատեսվել է, որ Սահմանադրության ընդունման, Սահմանադրության մեջ փոփոխությունների կատարման վերաբերյալ հանրաքվեի հարցով կարող են դիմել ոչ միայն պատգամավորների 1/3-ը եւ կառավարությանը, այլեւ 200 հազար քաղաքացիներ:
Բացի այդ, նախատեսվել է, որ օրենքի նախագիծը քաղաքացիական նախաձեռնության կարգով կարող է ԱԺ ներկայացվել 50 հազար քաղաքացիների կողմից եւ եթե այդ նախագիծը չի ընդունվում, այդ 50 հազարին գումարվում է եւս 300 հազար քաղաքացի, եւ նախագիծը դրվում է հանրաքվեի:
Երրորդ, նախատեսվում է, որ վերպետական կազմակերպություններին Հայաստանի անդամակցության հարցերը ներառյալ նաեւ այդ կազմակերպություններին անդամակցությունը դադարեցնելուն, ինչպես նաեւ Հայաստանի սահմանների փոփոխության հարցերը պարտադիր դրվում են հանրաքվեի:
Օրենքի նախագիծը սահմանում է հանրաքվեի անցկացման կարգը, այն, թե որ հարցերը կարող են դրվել հանրաքվեի, որոնք չեն կարող, քարոզչության կարգը, դրա ֆինանսավորման հարցերը եւ այլն:
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի խոսքով, հանրաքվեի ժամանակ ձեռնպահի քարոզչության կողմ չեն նախատեսել՝ կամ կողմ պետք է քվեարկեն, կամ դեմ՝ դրա համար խմբերն էլ այդպես են բաժանվելու. «Ստեղծվելու են հիմնադրամներ «այո»-ի եւ «ոչ.-ի: Ձեռնպահի ներառման անհրաժեշտությունը չենք տեսնում»:
Նա նաեւ նշեց, որ անկախ նրանից, թե ինչ ընթացակարգով ենք անդամակցել վերպետական այս կամ այն կառույցին, այս օրենքով սահմանվում է, որ այսուհետ այդ կառույցներից դուրս կարող ենք գալ միայն հանրաքվեի միջոցով:
Այսուհետ Սահմանադրությունը կարող է փոփոխվել առանց հանրաքվեի. Նոր օրինագիծ ԱԺ-ում











